Որտեղի՞ց եկավ Պրիգոժինը և ինչպե՞ս դարձավ ազդեցիկ դեմք

Ռուսական Վագներ մասնավոր ռազմական ընկերության (Wagner Group) հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը հունվարի 23-ին հայտարարեց, որ արշավ է սկսում դեպի Մոսկվա՝ «անկարգությանը (беспредел) վերջ տալու»։ Հունիսի 24-ին Վագներ խմբավորման անդամները Դոնի Ռոստովում գրավեցին վարչակազմի շենքը և սկսեցին շարժվել դեպի Մոսկվա, սակայն երեկոյան կողմ հայտարարեցին, որ վերադառնում են ճամբարներ։

Ո՞վ է Եվգենի Պրիգոժինը՝ Վագներ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրն ու ղեկավարը։ Ռուսական Secretmag հրատարակությունը ներկայացրել է Պրիգոժինի կենսագրության դրվագներ։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Որտեղի՞ց եկավ Պրիգոժինը և ինչպե՞ս դարձավ ազդեցիկ դեմք։

Եվգենի Վիկտորովիչ Պրիգոժինը ծնվել է 1961-ի հունիսի 1-ին Լենինգրադում։ Վաղ տարիքում կորցրել է հորը։

Մայրն աշխատում էր որպես բժիշկ, խորթ հայրը դահուկների հրահանգիչ էր և Եվգենիին ծանոթացրել է դահուկավազքի հետ: Տղան հաջողակ էր և անգամ ավարտում է սպորտային գիշերօթիկ դպրոցը։ Նախկին դասընկերներից մեկը հիշում է, որ Պրիգոժինը ոչ միայն մարզիկ էր, այլև «շատ լավ կարդացած երիտասարդ»:

Նրա մարզական կարիերան չստացվեց. 1979-ին Պրիգոժինը գողության համար երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվում։ Այդ շրջանը դեռ չանցած՝ Եվգենին կրկին հայտնվում է մեղադրյալի աթոռին։ Նա մեղավոր է ճանաչվում մի քանի «խուլիգանական» հոդվածներով և դատապարտվում 12-13 տարվա (տարբեր աղբյուրների համաձայն) ազատազրկման։

Բանտում Պրիգոժինը կազմակերպում է առաջին բիզնեսը. նա դառնում է բանտարկյալների՝ հուշանվերներ արտադրող ընկերության բրիգադիր և լավ գումար էր վաստակում։ Ըստ խցակիցներից մեկի հուշերի՝ Եվգենին, դրանից բացի, մկաններն էր ակտիվ մարզում և շատ էր կարդում գիտական գրականություն։

Պրիգոժինն ազատ է արձակվում ժամկետից շուտ՝ 1990-ին։ Նա չվերադարձավ հանցավոր աշխարհ։ Ընդունվում է Լենինգրադի քիմիական և դեղագործական ինստիտուտ: Բայց բարձրագույն կրթությունն այդպես էլ չի ավարտում։ Նրան բիզնեսն էր հետաքրքրում։

Ի՞նչ բիզնեսով էր զբաղվում Պրիգոժինը

Պրիգոժինը խորթ հոր հետ հոթ-դոգի մի քանի կրպակ է բացում։ 1993-ին նախկին դասարանցին Պրիգոժինին հրավիրում է աշխատելու որպես սուպերմարկետների ցանցի մենեջեր և նրան այդ բիզնեսում 15 տոկոս բաժնեմաս է տալիս:

1995-ին Եվգենին գինու բար-խանութ է բացում, իսկ մեկ տարի անց իրականացնում է մի նախագիծ, որը նրան համբավ է բերում: Նա Կունստկամերայի շենքում բացում է «Հին մաքսատուն» ռեստորանը։ Սա Սանկտ Պետերբուրգի իսկապես առաջին էլիտար ռեստորանն էր, որտեղ այցելում էին քաղաքի առաջին դեմքերը։

Հետո ռեստորանային այլ ձևաչափերի փորձեր է ձեռնարկում՝ «Русский китч», «Сеть сорок», «Блин!дональт’s» և այլն։

Իսկական հաջողություն ունեցավ New Island կղզու ռեստորանը: 2001-ին նախագահ Վլադիմիր Պուտինը այնտեղ բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, իսկ մեկ տարի անց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ։ 2003-ին Պուտինը, ըստ լրատվամիջոցների, այնտեղ նշել է իր ծննդյան տարեդարձը։

2000-ականներին Պրիգոժինն իր բիզնեսում հիմնական շեշտը դնում էր քեյթերինգի՝ միջոցառումների սպասարկման վրա: Եվ չէր սխալվում։ Նա սկսում է սպասարկել բարձրակարգ միջոցառումներ, ինչպիսիք էին Կրեմլում ընդունելությունները կամ նույնիսկ նախագահի երդմնակալությունը:

Նրա «Կոնկորդ» ընկերությունն աստիճանաբար սկսում է դպրոցական սննդի մատակարարման պայմանագրեր ստանալ նախ Սանկտ Պետերբուրգում, ապա Մոսկվայում։

Արդեն 2010-ականներին նրա ընկերությունը դառնում է պաշտպանության նախարարության հիմնական կապալառուն և շարունակ մեծ պայմանագրեր ստանում զինվորների և սպաների սննդի մատակարարման համար:

Ինչո՞ւ են Պրիգոժինին անվանում «Պուտինի խոհարար»

«Պուտինի խոհարար»․ Պրիգոժինին մի ժամանակ այս մականունն էին տվել: Եվ ոչ իզուր․ New Island-ում նա անձամբ էր սպասարկում նախագահին և նրա հյուրերին։

«Վլադիմիր Պուտինը տեսավ, թե ինչպես կրպակից ես բիզնես սարքեցի։ Տեսավ, թե ինչպես ես չեմ խորշում բարձրաշխարհիկ մարդկանց մատուցել անձամբ»,- ասել է Պրիգոժինը:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը 2017-ին լրագրողներին Պրիգոժինի մասին ասում էր. «Այսօր Պուտինի շեֆ-խոհարարի ծննդյան օրն է… Պուտինն այսօր կնշի»:

Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը բացատրեց, որ այդ խոսքերը կատակ են։ Մեկ տարի անց Պուտինն ինքը խոսեց այս թեմայով. «Իմ բոլոր խոհարարները Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ են, նրանք զինվորականներ են, տարբեր աստիճաններ ունեն։ Ես այլ խոհարարներ չունեմ:

Պրիգոժինը և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը

Վերջին տարիներին Պրիգոժինի անունը կապվում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ։ Նա կտրականապես հերքում էր այդ կապը։ Սակայն 2022-ի աշնանը խոստովանեց, որ դա իր նախագիծն է, և նախկինում այդ փաստի հերքումը բացատրեց որպես «դավադրական անհրաժեշտություն»։

Պրիգոժինն ասել է, որ 2014-ին ինքն անձամբ է գնացել Դոնբաս, իսկ մինչ այդ «փորձում էր գումարով խումբ հավաքագրել, որը կգնար և կպաշտպաներ ռուսներին»։ «Բայց ես արագ հասկացա, որ ավելի արդյունավետ կլինի, որ ամեն ինչ ինքս կազմակերպեմ»,- ասել է նա։

Լրագրողները քանիցս նրան հարցրել են Վագներ խմբի անվան նշանակության և դրա ֆինանսավորման աղբյուրների մասին, սակայն Պրիգոժինը խուսափում էր պատասխանից կամ կատակում. «Վագները ֆինանսավորվում է արևմտյան ժողովրդավարությունների արցունքների և տառապանքների վաճառքից գոյացած գումարներով»:

Մեկ այլ առիթով նա ասել է. «Ես մասնավոր ռազմական ընկերությունով փող չեմ աշխատել, փող չեմ աշխատում և չեմ էլ պատրաստվում աշխատել»։

2022-ի ամռանը և աշնանը «մի մարդ, որը նման է Պրիգոժինին» ճանապարհորդում էր Ռուսաստանի տարբեր շրջանների գաղութներ և բանտարկյալներին համոզում միանալու Վագներին։ Ուկրաինայի պատերազմին վեց ամիս մասնակցելուց հետո բանտարկյալները ազատ էին արձակվում։ «Շատ մի՛ խմեք, մի՛ օգտագործեք թմրանյութեր, մի՛ բռնաբարեք կանանց, մի՛ ծխեք»,- նրանցից մեկին խրատում էր Պրիգոժինը՝ բացատրելով, թե ինչպես պետք է վարվել մարտի դաշտից և բանտից դուրս:

Եվգենի Պրիգոժինը Ուկրաինայի պատերազմի ժամանակ

Պրիգոժինը պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում շփման գծից՝ խոսելով Վագների հաջողությունների ու խնդիրների մասին։ Հենց այս խմբավորումն էր, որ մի քանի ամիս շարունակ ուժգին գրոհում էր Բախմուտը, որը և վերցրեց մայիսի կեսերին։

Բախմուտի գրավումն ուղեկցվեց միանգամից մի քանի սկանդալով։ Ձմռանից Պրիգոժինը խոսում էր իր խմբավորումում «արկերի պակասի» մասին՝ պնդելով, որ ՊՆ-ն զինամթերք չի մատակարարում իրենց։ Այդ ամենի գագաթնակետը տեսագրությունն էր, որտեղ Եվգենին, վագներականների դիակների ֆոնին, անպարկեշտ դիմում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին՝ «ո՞ւր են արկերը» հարցով։

Վագների ղեկավարը կոնֆլիկտ է ունեցել նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։ Պրիգոժինին հարցնում են չեչենական կազմավորումների ներուժի մասին, և նա պատասխանում է, որ նրանք դժվար թե ազատագրեն ամբողջ Դոնբասի ժողովրդական հանրապետությունը: Դրանից հետո Կադիրովի մերձավորները Պրիգոժինին մեղադրում են հանրության շրջանում խուճապ հրահրելու մեջ և հորդորում տղամարդու պես հանդիպել ու զրուցել։ Բայց այս կոնֆլիկտը արագ արգելակվեց։

Դրանից հետո Վագները Բախմուտում դերը հանձնեց պաշտպանության նախարարության զինվորականներին, իսկ Պրիգոժինը սկսեց շրջագայել միլիոնանոց քաղաքներով՝ տալով մամուլի ասուլիսներ։ Նա պնդում էր, որ չի պատրաստվում մտնել քաղաքականություն։ Սակայն նա մտավ ռուսների շրջանում ամենավստահելի մարդկանց հնգյակը։

Պրիգոժինը և միջամտությունն ամերիկյան ընտրություններին

2018-ին ամերիկացիները Պրիգոժինին մեղադրեցին 2016-ի իրենց նախագահական ընտրություններին միջամտելու մեջ, երբ հաղթեց Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Ինտերնետ հետազոտությունների գործակալությունը (կամ «տրոլների գործարանը»), որը ենթադրաբար վերահսկվում էր մի գործարարի կողմից, սոցցանցերում ամերիկացի ընտրողներին ապատեղեկացնելու արշավ էր սկսել։ Իսկ 2022-ին ԱՄՆ-ը նույնիսկ 10 միլիոն դոլար պարգև խոստացավ տրոլների գործարանի և Պրիգոժինի մասին տեղեկատվության համար։

Պրիգոժինը հերքում էր այս մեղադրանքները։ Բայց հետո նա խոստովանեց, որ իսկապես ազդել է ամերիկացի ընտրողների վրա. «Մենք միջամտել ենք, միջամտում ենք և կմիջամտենք։ Զգուշորեն, ճշգրիտ, վիրաբուժական և մեր ձևով»,- 2022-ի վերջին ասում էր նա։

Պրիգոժինը և համեմատությունները Սորոսի և Ռասպուտինի հետ

2018-ին Պուտինը Եվգենի Պրիգոժինին համեմատեց ամերիկացի գործարար Ջորջ Սորոսի հետ։

«Միացյալ Նահանգներում կա այդպիսի մեղադրյալ՝ պարոն Սորոսը, որը խառնվում է աշխարհի բոլոր գործերին։ Եվ շատ հաճախ մեր ամերիկացի ընկերներն ինձ ասում են՝ Ամերիկան ​​որպես պետություն կապ չունի նրա հետ։ Այժմ լուրեր են պտտվում, որ պարոն Սորոսը ցանկանում է ցնցել եվրոն՝ եվրոպական արժույթը։ Սա արդեն քննարկվում է փորձագիտական ​​շրջանակներում։ Հարցրեք Պետդեպարտամենտին՝ ինչու է նա դա անում: Պետդեպարտամենտը ձեզ կպատասխանի, որ դա կապ չունի, դա պարոն Սորոսի անձնական գործն է։ Իսկ մեզ մոտ դա պարոն Պրիգոժինի անձնական գործն է»։

2022-ին Financial Times-ի լրագրողը զուգահեռներ է տանում Պրիգոժինի և Ռասպուտինի միջև: Նրա կարծիքով՝ Պրիգոժինը ազդեցություն ունի նաև Ռուսաստանի իշխանությունների վրա, թեև ֆորմալ առումով որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Բացի այդ, նա իրեն թույլ է տալիս քննադատել ռազմական հրամանատարությանը և իշխանություններին։

Ի պատասխան՝ Պրիգոժինը հեգնեց, որ ինքը ոչ թե դադարեցրել է արյունահեղությունը, ինչպես Ռասպուտինը, այլ անում է հակառակը։

Փաստեր Եվգենի Պրիգոժինի մասին

  • Ամուսնացած է։ Կնոջ անունը Լյուբով է։ Նրանք ունեն երկու երեխա՝ Պոլինա և Պավել։ Որդին, ըստ Պրիգոժինի, գտնվում է թեժ կետերում Վագների կազմում։
  • 2003-ին երեխաների հետ գրել է «Ինդրագուզիկ» հեքիաթների գիրքը և տպագրել 1000 օրինակ տպաքանակով։ «Ինդրագուզիկը այս գրքում օգնեց թագավորին և փրկեց թագավորությունը, իսկ ապագայում նա պետք է ինչ-որ հերոսական բան անի»,- ասել է նա։
  • Հրապարակավ վիճել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի և ՊՆ ղեկավարության հետ։

Ղեկավարում է Պատրիոտ մեդիա խմբի հոգաբարձուների խորհուրդը, որը ներառում է «Федеральное агентство новостей», «Экономика Сегодня», «Народные новости», «Политика Сегодня» և այլ հրատարակություններ։

Մեկնաբանել