Պետք է քննարկել` ինչպես կարող ենք անցնել կոնկրետ գործողությունների. Շտեֆան Ֆյուլե

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

ԵՄ հանձնակատարը համակարծիք է եղել, որ պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հանգամանորեն քննարկել համագործակցության օրակարգը և հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ մեր երկիր է ժամանել այն հստակ համոզվածությամբ, որ Հայաստանը միանշանակ է տրամադրված ինտեգրման գործընթացում Եվրոպական միությանն ավելի մոտենալու հարցում, և այժմ պետք է քննարկել կարողությունների շրջանակը, որը թույլ կտա բարեփոխումների օրակարգից անցնել կոնկրետ գործողությունների՝ հստակեցնելով, թե ինչպես Եվրոպական հանձնաժողովը կարող է օգտակար լինել այդ հարցում:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ընդհանրության մասին:

Մեկնաբանել