ԼՂ իշխանությունների հայտարարությունն ընդունում ենք ի գիտություն․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի իշխանություների կողմից հայտարարության ընդունումը ընդունում ենք ի գիտություն․ քիչ առաջ հրապարակված տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ կարևոր խնդիր է հայության անվտանգությունը։ Ըստ Փաշինյանի՝ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, ուրեմն նրանք ամբողջությամբ ընդունել են հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը և պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որ պահպանվեն ԼՂ հայերի իրավունքները՝ ապրելու իրենց տներում, իրենց հողում։

«Այս հայտարարությամբ այդ պատասխանատվությունն է ամբողջապաես ստանձնվում։ Հույս ունենք, որ նման քայլ անելով՝ խաղաղապահ զորախումբը կկատարի իր պարտականությունները»,- ասաց Փաշինյանը։

«Իմ արձագանքն այն է, որ ՀՀ հետ կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելը արդարացնում է այն վարկածը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանը ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ։ Գնահատականը մեկն է՝ եթե հնարավոր լիներ Հայաստանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը»,- շարունակեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «կշարունակեն հետևել զարգացումներին»․ «Վերջին տեղեկությունը, որ ստացել ենք՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել ա, և մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»։

Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ այն անվանելով «հակաահաբեկչական գործողություն», պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը դա համարեցին «էթնիկ զտում»։ Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրերը ենթարկվել են զանգվածային հրետանային և հրթիռային հարձակման, կան տասնյակ զոհեր, 200-ից ավելի վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց «ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ-ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»։

Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպում կկայանա ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման» հարցով։

Մեկնաբանել