Իրանի նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մասին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին «Սրբազան պաշտպանության» շաբաթվա սկիզբն ազդարարող միջոցառմանը խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ու հայերի իրավունքների մասին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

«Հայերի իրավունքների և նրանց դրության հարգումը անհրաժեշտություն է [Լեռնային Ղարաբաղում]։ Հայերի իրավունքներն ու անվտանգությունը տարածաշրջանում, ինչպես նաև [միջազգայնորեն ճանաչված] սահմանները ամբողջությամբ պետք է պահպանվեն»,- սեպտեմբերի 22-ին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին «Սրբազան պաշտպանության» շաբաթվա սկիզբն ազդարարող միջոցառմանը։

Ռայիսին վերահաստատել է նաև իրանական կողմի դիրքորոշումը միջազգային սահմանների պահպանության հարցում։

«Տարածաշրջանում Իրանի ուժեղ զինված ուժերը ներկայություն ունեն, որպեսզի կանխարգելեն տարածաշրջանի աշխարհաքաղաքական և սահմանային ցանկացած փոփոխություն»,- ասել է հարևան երկրի նախագահը:

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ էր անվանել Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը:

Արցախի հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին ՍիվիլՆեթը զրուցել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ Թեհրանը ընկալում է որպես իրեն ավելի մեծ պատերազմի մեջ ներքաշելու փորձ։ Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» սպառնալիքին՝ նա վերահաստատում է այդ խնդրում Իրանի կոշտ դիրքորոշումը, սակայն չի բացառում, որ ապագայում այն կարող է որոշ նրբերանգային փոփոխությունների ենթարկվել:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել