Վիտալի Բալասանյանը հերքել է ադրբեջանցիների կողմից առևանգվելու մասին լուրերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հերքել է ադրբեջանցիների կողմից իրեն «ձերբակալելու» մասին տարածվող տեղեկությունները և հայտնել, որ շարունակում է մնալ Արցախում։

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- հայտնել է Բալասանյանը tert.am-ի հետ հեռախոսազրույցում։

Հակարիի կամրջի անցկացետից Բալասանյանին առևանգելու և ձերբակալելու մասին լուրերը սկսեցին տարածվել երեկ՝ սեպտեմբերի 27-ին։ Կեղծ տեղեկության սկզբնաղբյուրը ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակցված տելեգրամյան ալիքներն էին։ Ավելի ուշ լուրը լայն տարածում ստացավ նաև հայկական մեդիայում։

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի ձերբակալման լուրը դեռ երեկ հերքել էր Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնեք, որ ՍիվիլՆեթը երեկ հայտնել էր, որ Լաչինի միջանցքով անցնելիս Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հրապարակեց Վարդանյանի ձերբակալությունից լուսանկարներ և տեսանյութեր, սակայն պաշտոնական հաղորդագրություն մինչ այժմ չկա։

Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանը արդեն դիմել է ՄԻԵԴ։

Մեկնաբանել