Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Այդ մասին Փաշինյանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Վարչապետի գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել նաև հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխարեն էլ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացված ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցել էր ԱԳ նախարարի տեղակալը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս չէր մասնակցել նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։

Մեկնաբանել