Էրդողանը Իսրայելի դեմ հայտարարություններից անդին չի անցնում, զգուշավոր է

Թուրքիան իսրայելա-պաղեստինյան նոր ճգնաժամից ի վեր հայտարարություններից անդին չի անցնում․ խոսքերն են շատացել, բայց ո՛չ գործողությունները, նշում է հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Ըստ նրա՝ որքան էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ բառամթերք օգտագործի Իսրայելի դեմ՝ հանդես գալով Պաղեստինի ջատագով, միևնույն է, խուսափում է Իսրայելի դեմ առարկայական քայլերից։

Թուրքիայի այդ քաղաքականությունը չի վրիպում Մերձավոր Արևելքի և իսլամական աշխարհի երկրների ուշադրությունից, որոնց շրջանում սասանվում է Էրդողանի հեղինակությունը Իսրայելի դեմ իրական ճնշման բացակայության հետևանքով։

Ի տարբերություն Լատինական Ամերիկայի երկրների, Անկարան իր դեսպանին Իսրայելից հետ չի կանչել և չի դադարեցրել հարաբերությունները Թել-Ավիվի հետ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ անհնարին է Իսրայելի հետ կապերի խզումը։

Ավելին՝ Քոփթաշն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Թուրքիան ու Իսրայելը շարունակում են երկկողմ սերտ առևտրային կապերը առանցքային ուղղությամբ։ Դա հիմք է տալիս նրան պնդելու, որ իրականում երկկողմ հարաբերություններում լարվածության չկա։

«Ինչպես կարող ենք խոսել լարվածության մասին, եթե Միջերկրական ծովի Իսքենդերունի ու Մերսինի նավահանգիստներից օրական 7-8 բեռներով լեցուն խոշոր նավ է ուղղվում Իսրայել, ինչպես նաև Թուրքիան շարունակում է իսրայելական կողմին վաճառել պողպատ, որն անշուշտ օգտագործվում է Պաղեստինի դեմ հարվածների տեսքով»,- ասում է Քոփթաշը։

Միաժամակ էրդողանը փորձում է հանդես գալ պաղեստինցիների իրավունքների պաշտպանի դերում։ Թուրքիայի նախագահը հենց այդ շեշտադրմամբ է հանդես եկել նոյեմբերի 3-ին՝ Թյուրքական պետությունների կազմակերպության, նոյեմբերի 7-8-ը՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության նստաշրջաններին, ինչպես նաև օրերս՝ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական Լիգայի համատեղ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ։

Հրապարակախոսը կարծում է, որ Էրդողանը փորձում է դիմել «մաքիավելյան» սկզբունքներին՝ առավելագույն օգուտ քաղելով ստեղծված իրավիճակից։ Նա Էրդողանի մոտեցումներում նկատում է, որ Անկարան գուցե դեմ չէ Գազայի հատվածից պաղեստինցիների դուրս գալուն, ինչն ըստ էության էթնիկ զտում է և համապատասխանում է նաև Միացյալ Նահանգների դիրքորոշմանը։

Քոփթաշը Թուրքիայի այդ հակվածությունը բացատրում է նրանով, որ Թուրքիայի իշխանությունները, դեմ չլինելով պաղեստինցի փախստականների ներհոսքին, մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ ձգտելու են ամեն կերպ ֆինանսական օգուտներ ստանալ ամերիկյան կողմից, քանի որ, ինչպես հայտնի է, Թուրքիայի տնտեսությունը դրամի մեծ կարիք ունի։

Թուրքիայի նախագահը պաղեստինյան հարցը ծառայեցնում է ներքին քարոզչությանը, քանզի թուրք հանրության մի ստվար հատված՝ այդ թվում լիբերալ հայացքներով աչքի ընկնող մեծ թվով քաղաքացիներ, համակրում են Պաղեստինին։ Դրանով է Քոփթաշը պայմանավորում օրերս Ստամբուլում շուրջ 1,5 միլիոնանոց հանրահավաքը հօգուտ Պաղեստինի, որտեղ, ըստ հրապարակախոսի, երևում էին մեծամասամբ միայն թուրքական դրոշներ։

«Դրանով Թուրքիայի քայլերը սահմափակվում են, իշխանությունները փորձում են զարկ չտալ հակաիսրայելական քարոզչությանը», – ասում է Քոփթաշը՝ նկատելով, որ խնդրի առթիվ որևէ բողոքի ցույց տեղի չի ունենում արևմտյան երկրներում։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել