Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պաշտոնաթող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին՝ որպես կուսակցության «պատվավոր նախագահ»։

Իվանիշվիլին քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարել է շաբաթ օրը Թբիլիսիում կայացած ասուլիսին։

«Ուղիղ երեք տարի առաջ ես հանրությանը հայտարարեցի քաղաքական ակտիվ գործընթացներից հեռու մնալու իմ որոշման մասին։ Հիմա՝ երեք տարի անց, ես որոշել եմ վերադառնալ քաղաքական կյանք՝ կուսակցության պատվավոր նախագահի կարգավիճակով»,- ասել է Իվանիշվիլին։

Սա նրա երկրորդ պաշտոնական «վերադարձն» է քաղաքականություն 2018-ի գարնանից հետո, երբ նա զբաղեցրեց կուսակցության նախագահի պաշտոնը քաղաքականությունում հինգ տարվա ընդմիջումից հետո:

2021-ի հունվարին՝ 2020-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության երրորդ անընդմեջ հաղթանակն ապահովելուց հետո, Իվանիշվիլին հայտարարեց, որ իր «առաքելությունը իրագործված է», և կրկին պնդեց քաղաքականությունից հեռանալու մասին։

«Վրացական երազանքի» քննադատները նրա հիմնադիր Իվանիշվիլիին համարում են երկրի «ոչ ֆորմալ կառավարիչ»: ԵՄ-ի՝ Վրաստանի անդամակցության հարցում պահանջներից մեկն այն էր, որ երկիրն առաջ շարժվի դեպի «ապաօլիգարխացում»՝ ակնհայտ ակնարկ Իվանիշվիլիին:

Մեկնաբանել