Աբխազիայում ռուսական ռազմածովային բազան «կարող է բացվել այս տարի»

OC Media

Աբխազիայի Անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Աբխազիայում ռուսական ռազմածովային ծրագրված բազան կարող է սկսել գործել արդեն այս տարի։

Հունվարի 12-ին Սերգեյ Շամբան ռուսական պետական ՌԻԱ լրատվական գործակալությանը հայտնել է, որ Օչամչիրայում (Օչամչիրե) նախատեսված նավահանգիստը դեռ նախագծման փուլում է: Նա հավելել է, որ բազան ծառայելու է Աբխազիայի անվտանգության ապահովմանը։

«2008-ից ի վեր մենք ծովում նավերի առգրավման հետ կապված միջադեպեր չենք ունեցել, սահմանային գոտում իրավիճակը հանգիստ է»,- ասել է Շամբան։

Բազայի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան 2023-ի հոկտեմբերին: Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, որի կենտրոնակայանը օկուպացված Ղրիմում է, բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը:

Բժանիայի՝ ռազմածովային բազայի մասին հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է հարվածել Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմանավերին։

«Ռուսաստանի ղեկավարը ստիպված էր հայտարարել իր Սևծովյան նավատորմի համար նոր բազա ստեղծելու մասին որքան հնարավոր է հեռու ուկրաինական հրթիռներից և ծովային դրոններից, բայց մենք նրանց կհասնենք ամենուր»,- ասել է Զելենսկին։

Ի պատասխան՝ Բժանիան Ուկրաինային մեղադրել է «Կովկասում ռազմական իրավիճակ հրահրելու և նոր արյունալի պատերազմ սանձազերծելու» մեջ։

Վրաստանյան պաշտոնյաները նույնպես դեմ են արտահայտվել բազային: Ռուսական պետական Sputnik գործակալության լրագրող Ալեքսանդր Խրոլենկոն գրել է, որ Ռուսաստանը «մտադիր չէ սպառնալ որևէ մեկին» նախատեսված ռազմածովային բազայից՝ նշելով, որ բազան տեղակայված կլինի Թբիլիսիից 300 կմ հեռավորության վրա։

Օչամչիրայի նավահանգիստը Ռուսաստանի վերահսկողության տակ է 2009-ից։ Այդ ժամանակվանից Ռուսաստանն այն օգտագործել է նավերի և մոտորանավակների կառուցման համար և պաշտպանել այն իր սահմանապահների միջոցով: