Չեչեն զինվորները Ուկրաինայի բռնազավթված հատվածում ծեծել են ռուս ռազմական ոստիկանի

Վախա Ասխաբ Խամբուլատովը, ռուսական «Վոստոկ-Ախմատ» գումարտակի ղեկավարը։ Լուսանկարը՝ սոցցանցերից:

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Ուկրաինայի՝ Ռուսաստանի զավթած հատվածում Չեչնիայից ռուսական զորամասի հրամանատարը և զորամասի այլ անդամներ ծեծի են ենթարկել ռուսական ռազմական ոստիկանության աշխատակցին:

Միջադեպը կապված է «Վոստոկ-Ախմատ» գումարտակի անդամների հետ և, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել Ռուսաստանի բռնազավթած Մելիտոպոլ քաղաքում այն բանից հետո, երբ սպան փորձել է ստուգել նրանց փաստաթղթերը, երբ նրանք մեքենայում են եղել:

Երկուշաբթի Telegram-ում տարածված միջադեպի կադրերում երևում է, թե ինչպես է ռուս զինվորը կանգնեցնում մի քանի մեքենաներ, այդ թվում՝ սև Mercedes-ը, որը վարում էին չեչեն զինվորները:

Տեսանյութում սպան հարցնում է, թե արդյոք մեքենայում նստածները զինվորականներ են, և խնդրում է նրանց փաստաթղթերը։ Սպան այնուհետև նշում է, որ նրանց փաստաթղթերի վավերականության ժամկետը անցել է, ինչին չեչեն զինվորը նշում է, որ անցագիրը «անորոշ ժամանակով» է։

«Իմ վեջը չէ, թե դու ինչ ես հաշվում: Ես գումարտակի հրամանատար եմ։ Գնդի հրամանատարն ինձ տվել է [փաստաթուղթը], վե՛րջ»,- պատասխանում է մեքենայում նստածներից մեկը, ինչից հետո սպան խնդրում է մեքենան աջ քաշել և կայանել:

Այնուհետև մի քանի զինվոր դուրս է գալիս մեքենայից՝ ատրճանակի կոթով մի քանի անգամ հարվածելով սպային՝ ծանր հայհոյանքների ներքո:Ըստ ռուսական հակակառավարական VChK-OGPU-ի տելեգրամյան ալիքի, կադրերում երևում են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անձնական անվտանգության անդամները: Ըստ ալիքի՝ գումարտակի հրամանատարը Վախա «Ասխաբ» Խամբուլատովն է, որը ժամանակին Չեչնիայի անկախության ակտիվ կողմնակիցն է եղել: Աղբյուրի համաձայն՝ այդ մարդը մինչև այժմ «բացասական վերաբերմունք ունի դաշնային ծառայողների նկատմամբ»: