Հրանտ Բագրատյանի պնդումների հետքերով

#CivilNetCheck, Հայկ Հովհաննիսյան

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հունվարի 30-ին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարել է, թե վերջին երկու տարում Հայաստանի տնտեսությունում ներգրավվել է շուրջ 120 000 հնդիկ։

«Հայաստանի տնտեսությունը վերջին երկու տարում ներգրավվել է շուրջ, տարբեր թվեր են ասում, բայց էսպես ասենք՝ 90-120 000 հնդիկ։ Ես փորձել եմ դա պարզել ելք ու մուտքով: Եկել եմ այն եզրակացության, որ դա կարող է լինել 120 000, որովհետև ելք ու մուտքի մեջ ցույց է տալիս Հնդկաստանի քաղաքացիները»,- ասել է Բագրատյանը:

Բագրատյանը նաև պնդել է, թե բռնի տեղահանված արցախցիները զանգվածաբար մեկնում են Հայաստանից և իր հաշվարկներով՝ իբր 15 000 – 20 000 արցախցի արդեն լքել է երկիրը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է նախկին վարչապետի այս և այլ պնդումներ։

Հայաստանի տնտեսությունում 120 000 հնդիկ չի ներգրավվել

Բագրատյանը նշել է, որ հիմք է վերցրել սահմանահատումների՝ Հնդկաստանի քաղաքացիութուն ունեցող անձանց մուտք ու ելքի ցուցանիշը (հաշվեկշիռը)։ Սակայն Վիճակագրական կոմիտեի տվյալները չեն հաստատում նրա պնդումները։

Ըստ Վիճկոմիտեի՝ Հնդկաստանի քաղաքացիների սահմանահատումների հաշվեկշիռը 2023-ին կազմել է 16 495, իսկ 2022-ին՝ ընդամենը 989 անձ։ Անգամ վեց տարվա կտրվածքով հաշվեկշիռը կազմում է 19 174 անձ։

120 000 թիվը չենք ստանում, եթե անգամ հիմք ենք ընդունում միայն մուտքի ցուցանիշները՝ հաշվի չառնելով ելքերը։ Այսպես, Հայաստան 2022-ին մուտք է գործել Հնդկաստանի 21 591 քաղաքացի, իսկ 2023-ին՝ 54 582 քաղաքացի։ Ստացվում է՝ երկու տարում մուտք է գործել Հնդկաստանի 76 173 քաղաքացի։

Վիճկոմիտեի տվյալներով՝ 2023-ին Հայաստան մուտք գործած Հնդկաստանի 54 582 քաղաքացիներից 34 687-ը համարվում է զբոսաշրջիկ, իսկ 2022-ին մուտք գործած 21 591-ից՝ 18 194-ն է զբոսաշրջիկ եղել։

«Գործող մեթոդաբանությամբ՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը գտնվել է երկրում առնվազն մեկ օր և անընդմեջ մեկ տարուց ոչ ավելի».

մանրամասն՝ այստեղ։

Ուշագրավ է նաև Հնդկաստանի քաղաքացիներին տրված կացության կարգավիճակների վիճակագրությունը, որում վերջին տարիներին աճ չի գրանցվել։ Այսպես՝ 2018-ից 2023-ի ընթացքում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 10 146 քաղաքացի, որից 2018-ին՝ 1 907, 2019-ին՝ 1 835, 2020-ին՝ 1 140, 2021-ին՝ 1017, 2022-ին՝ 2 212, և 2023-ին՝ 2 035 անձ։

Հայաստանը 15 000 – 20 000 արցախցի չի լքել

Հարցազրույցի ընթացքում Հրանտ Բագրատյանը նաև հայտարարել է, թե արցախցիները զանգվածաբար մեկնում են Հայաստանից. «Իմ կարծիքով՝ մոտ 15 – 20 000 արդեն գնացել են»։

Համացանցում ավելի վաղ ևս շրջանառվել էր նմանատիպ պնդում, որին #CivilNetCheck-ը անդրադարձել էր դեկտեմբերին՝ պարզելով, որ սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 14-ը Հայաստանից մեկնել էր Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 11 741 և վերադարձել 5 105 անձ: Տարբերությունը՝ 6 636 անձ։ Տվյալների աղբյուրը Ազգային անվտանգության ծառայությունն է, որը պետական միակ կառույցն է, որ վարում է սահմանահատումների վիճակագրություն։

Ավելի ուշ Փաստերի ստուգման հարթակը հայտնեց, որ հունվարի 16-ի դրությամբ երկրից մեկնել է ԼՂ հաշվառում ունեցող 12 203 անձ, որից 5 770-ը վերադարձել է։ Ստացվում է՝ մեկնել և չէր վերադարձել ԼՂ հաշվառում ունեցող 6 433 անձ։

Այսպիսով, Հրանտ Բագրատյանի պնդումը, թե Հայաստանից 15 000 – 20 000 արցախցի է հեռացել, չի համապատասխանում իրականությանը։

Սխալ վիճակագրություն Հայաստանի կանաչ էներգետիկայի մասին

Նախկին վարչապետը նաև քննադատել է Հայաստանի էներգետիկ կառուցվածքը՝ պնդելով, թե էլեկտրաէներգիայի միայն 2,5 տոկոսն է արտադրվում քամու և արևային կայաններում։

«Հայաստանի Հանրապետությունը էլեկտրաէներգիայի միայն 2,5 տոկոսն է արտադրում քամու և արևի կայաններում։ […] Աշխարհն արդեն հասել է 14 տոկոսի։ Նորվեգիան, որը ընդհանրապես խնդիր չունի, ՀԷԿ-երով լեցուն է… Գերմանիան այս թիվը 40 տոկոսի վրա է պահում»,- ասել է Բագրատյանը։

Այս պնդումը սխալ է։ Վիճկոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2023-ին արտադրված էլեկտրաէներգիայի 8,8 տոկոսը (772.2 ԳՎտ.Ժ) ստացվել է արևային էլեկտրակայաններից։ 2023-ից վիճակագրության մեջ ներառվում է նաև մասնավոր ինքնավար արտադրողների արևային համակարգերի արտադրած էլեկտրաէներգիան։

Էկրանակադրը՝ Վիճկոմիտեի 2023-ի վիճակագրությունից


Եթե հաշվի չառնենք ինքնավար արտադրողների արևային համակարգերի արտադրանքը, ապա միայն լիցենզավորված արևային էլեկտրակայաններին բաժին կհասնի Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 4,8 տոկոսը։ Հողմային էլեկտրակայանները արտադրանքը Հայաստանում չնչին է և չի անցնում ընդհանուր արտադրանքի անգամ 0,1 տոկոսը։

Տես՝ Ատոմակայա՞նն է հզոր, թե՞ արևային պանելները. նախարարի պնդման հետքերով

Գերմայիանիում 2023-ին հողմային և արևային էլեկտրակայաններից ստացված էլեկտրաէներգիան իրոք կազմել է ընդհանուրի 44 տոկոսը, որից հողմայիններին բաժին է ընկնում 32 տոկոսը, իսկ արևայիններին՝ 12 տոկոսը։

Իսպանիայում էլեկտրամոբիլների տեսակարար կշիռը 30 տոկոս չէ

«Վերցնենք էլեկտրոմոբիլները. իմ հաշվարկներով պարկի լավագույն դեպքում միայն 6 տոկոսն է էլեկտրոմոբիլ։ […] Բայց այսօր, օրինակ, Չինաստանում էլեկտրոմոբիլների տեսակարար կշիռը անցած տարվա տվյալներով հասել է 16 տոկոսի։ […] Վերցնենք Իսպանիան։ Էլեկտրամոբիլների տեսակարար կշիռը 30 տոկոս է»,- ասել է Բագրատյանը։

Համաձայն Իսպանիայի ներքին գործերի նախարարության 2022-ի ապրիլին հրապարակված պաշտոնական վիճակագրության՝ երկրում առկա է ավելի քան 25 մլն թեթև մարդատար ավտոմեքենա, որոնցից ընդամենը 205 000-ը կամ 0,8 տոկոսն է լրիվ էլեկտրական։

Վերջին ամփոփված՝ 2021-ի տվյալներով Եվրոպական միությունում էլեկտրական մեքենաները (այդ թվում` plug-in հիբրիդները) կազմում են ԵՄ ավտոմոբիլային պարկի միայն 1,5 տոկոսը, իսկ ամբողջությամբ էլեկտրականները՝ միայն 0,8 տոկոսը։

Ներկայում ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքի շուկայում էլեկտրամոբիլներին ավելի մեծ մասնաբաժին է հասնում, քան Հայաստանում կամ ԱՊՀ այլ երկրներում։ Այսպես, 2023-ին Եվրոպայում վաճառված ավտոմեքենաների 14,6 տոկոսը կազմել են լրիվ էլեկտրական ավտոմեքենաները, 2022-ին՝ 12,1 տոկոսը։

Հայաստանում տրանսպորտային միջոցների՝ այդ թվում մարդատար ավտոմեքենաների թիվը գաղտնի է պահվում, և պաշտոնական վիճակագրություն առկա չէ, թե որքան է կազմում էլեկտրական ավտոմեքենաների տեսակարար կշիռը ավտոմոբիլային պարկում։

Տնտեսագիտության պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը նախկինում բազմիցս հայտնվել փաստեր ստուգող լրագրողների ուշադրության կենտրոնում՝ հանդես գալով սխալ և մոլորեցնող պնդումներով։