Արցախցիների՝ կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները հնարավոր է՝ վերադարձնեն 2024-ի ընթացքում

Մի շարք արցախցիներ պահանջում են վերադարձնել կենսաթոշակային կուտակային հաշվին առկա իրենց գումարները։ Հայաստանն ու Արցախը կուտակային կենսաթոշակային մեկ համակարգում էին գտնվում։ Համակարգը Արցախում ներդրվել է 2019 թվականի հունիսից։ Արցախցիներին մեկ այլ հարց էլ է մտահոգում․ տեղեկություններ կան, որ 2023 թվականի մարտ ամսից նրանց աշխատավարձերի կուտակային հատկացումները չեն փոխանցվել կենսաթոշակային ֆոնդերին, այլ ուղղվել են ինչ-որ անհայտ ծախսերի համար։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանն ասում է, որ ըստ գործադիր իշխանության ներկայացրածի՝ ինը ամսվա ընթացքում պիտի լուծվի հարցը․ արցախցիները կստանան իրենց կուտակային հաշվին առկա մնացորդները։

«Ազգային ժողովը օրենսդրական համապատասխան բազան ապահովել է, մնացածը տեխնիկական հարց է։ Պետք է մարդուն ընտրություն անելու հնարավորոթյուն տալ՝ ընտրել գումարը, թե շարունակել կուտակել։ Այդ գումարները կուտակվում են անգլիական ֆոնդերում։ Արյդոք պատրա՞ստ են գումարները հետ վճարել։ Այդ ֆոնդերի հետ հիմնական հարցը դա էր, որովհետև այդ գումարները նրանք ներդրել են՝ արժեթղթերում կամ ինչ-որ այլ տեղեր։ Պետք է այդ գումարները իրացվեն, որպեսզի կարողանան կանխիկացնել ու գումար տալ։ Այդ ֆոնդերը իրացման համար մեկ տարի ժամկետ էին ուզում։ Բանակցությունների արդյունքում համաձայնության ենք եկել ինը ամսվա շուրջ։ Այդ ընթացքում նրանք պարտավորվել են այդ գումարները վերադարձնել։ [Արցախի] Սոցապնախարարությանը մենք առաջարկել ենք, որ օրենքի ընդունումից հետո ինչ-որ շոշափելի գործողություններ լինեն․ օնլայն հարթակներ ստեղծեն, որից մարդ կարողանա տեղեկություն ստանալ՝ ինչքան գումար ունի հետ ստանալու, ինչքան կա իր անունով կուտակված, որ մասն է ինքը վճարել և որ մասն է պետությունը վճարել»,- ասաց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ արցախցիներին կարող են փուլերով վճարել այդ գումարները կամ էլ, օրինակ, հիմնարկ առ հիմնարկ․ «Այդ ամբողջ տեղեկությունն արդեն [Արցախի] սոցապնախարարությունը պետք է մշակի, տեղեկատվական ամփոփագրի տեսքով ինչ-որ փաստաթուղթ սարքի, որպեսզի հանրությանը ավելի մանրակրկիտ ներկայացնեն»։

Սիվիլնեթը այս խնդրի վերաբերյալ խոսեց նաև Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ։ Նա առանց մանրամասներ հայտնելու տեղեկացրեց, որ հարցի շուրջ նախարարությունը այս պահին Կենտրոնական բանկի հետ քննարկումներ է ծավալում։

Արցախցիներին ևս մեկ հարց է մտահոգում․ տեղեկություններ կան, որ 2023 թվականի մարտ ամսից նրանց աշխատավարձերի կուտակային հատկացումները չեն փոխանցվել կենսաթոշակային ֆոնդերին, այլ ուղղվել ինչ-որ անհայտ ծախսերի համար։ Այս մասին խոսակցությունները մեկնաբանելով՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հարությունյանն ասաց՝ քննիչ հանձնաժողով կստեղծվի, որտեղ գործադիրի պատասխանատուները կներկայացնեն՝ այդ գումարները որտեղ են ուղղվել և ինչ է կատարվել։

Արցախցիները ցանկանում են խնդրի շուտափույթ լուծում։ Արմինե Ավագիմյանը պահանջում է վերադարձնել իր կենսաթոշակային կուտակային հաշվին առկա մնացորդը՝ 1 471 500 դրամի չափով։ Նա առաջիկայում նախաձեռնելու է կոլեկտիվ գրություն՝ ուղղված համապատասխան մարմիններին։ Սոցիալական ցանցում սրա մասին գրառում անելով՝ նշել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի, Հայաստանի կենտրոնական բանկի, Արցախի և Հայաստանի կառավարությունների ֆեյսբուքյան էջերը։

«Արցախցիների ճակատագիրն այնքան անորոշ է, որ շատերը Հայաստանում էլ չեն տեսնում հեռանկար։ Մեծ մասը ասում է, որ այդ գումարը ավելի լավ է ինձ մոտ լինի, ես կորոշեմ, թե ինչպես կվարվեմ դրա հետ։ Մարդիկ աշխատանքն են կորցրել, բնակության վայր չունեն, գործ չունեն, թող հետ տան այդ գումարները, այդ երկիրը էլ չկա»,- ՍիվիլՆեթի հետ զրուցում ասաց նա։

Ավագիմյանը տեղյակ է, որ ինչ-որ փուլում գումարները վերադարձնելու մասին քննարկումներ կան։ «Ես այդքան էլ չեմ հավատում դրան։ Ուզում եմ, որ ինձ գրավոր պարզաբանում տան, որ հետագայում չվերադարձնելու դեպքում իրավաբանական հետևանքներ լինեն»,- ասաց նա։

Հայկ Ղազարյան