Զայրույթ և վիշտ․ Նավալնիի մահը և Հայաստանում ու Վրաստանում բնակվող ռուսների ցույցերը  

Թբիլիսիում սգում են Ալեքսեյ Նավալնիի մահը, լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլիի/OC Media։

Թաթա Շոշիաշվիլի և Արշալույս Բարսեղյան, OC Media

Հայաստանում և Վրաստանում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոց այն բանից հետո Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին մահացել է բանտում։

Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ Նավալնին, որին հաջողվել էր ողջ մնալ նյարդային համակարգը պարալիզացնող «Նովիչոկ» նյութով թունավորվելուց հետո նախքան 2021-ին բանտարկվելը, մահացել է ուրբաթ օրը։

Ուրբաթ երեկոյան՝ Նավալնիի մահվան մասին լուրերի հրապարակումից ընդամենը ժամեր անց, Թբիլիսիում, Բաթումիում և Երևանում տեղի ունեցած ցույցերը նախաձեռնել են ռուսաստանցիները՝ զայրացած և արցունքներն աչքերին։

Երևանում ցուցարարները հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ, ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ շենքին։


Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ցուցարարները պարզել են դրոշը, որը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը դեմ դիրքորոշման և ազատ Ռուսաստանի խորհրդանիշն է։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/ OC Media։


Հավաքվածները վանկարկել են Նավալնիի անունը, հակապատերազմական և հակապուտինյան և այլ կարգախոսներ հնչեցրել, վանկարկել՝ «Ռուսաստանն ազատ կլինի»։

«Ես զայրացած եմ։ Ես հիմնականում զայրացած եմ, հետո տխուր»,- OC Media-ին ասել է Նիկոլայ անունով մի ցուցարար՝ հավելելով, թե երախտապարտ է, որ Հայաստանում կարողանում է բացահայտ արտահայտել իր զգացմունքները։

«Մենք դա սպասում էինք, սակայն զգացմունքները նախկինի պես մնում են՝ բարկություն, զայրույթ, վիշտ»,- ասել է Միխայիլ Երշով անունով մեկ այլ ցուցարար:


Լուսանկարում՝ Միխայիլ Երշովը (ձախից), կենտրոնում գտնվող կինը մատնացույց է անում պաստառին՝ ասելով. «Սա հիմա զուտ իմ էմոցիաներն են, շատ ցավոտ է»: Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

Բազմաթիվ ցուցարարներ լաց էին լինում և գրկախառնվում միմյանց, մինչ մյուսները ծաղիկներ և մոմեր էին խոնարհում մոտակա այգում: Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

«Այսօր մեծ ցավով տեղեկացանք սարսափելի լուրի մասին, որ Նավալնիին սպանել են բանտում,- ասել է մեկ այլ ցուցարար՝ Դարինա Մայադսկայան։ «Չկարողացանք տանը մնալ, և կարծում եմ, որ այստեղ բոլորը հասկացել են, որ պետք է իրենց ցավակցությունն ու աջակցությունը հայտնեն միմյանց,- հավելել է նա,- Ինձ համար, ինչպես շատ մարդկանց համար, սա կարծես վերջին հուսահատ քայլ է, որը հայտնվում է միայն սարսափելի մղձավանջներում»:

Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժնի մոտ։ Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո։

Թբիլիսիում ցուցարարները մոմեր են վառում և ծաղիկներ խոնարհում։ Լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլիի/OC Media։

Ցուցարարը պարզել է պաստառ «Նա գնաց դրախտ, իսկ դու [Պուտին] պարզապես կսատկես» գրությամբ: Լուսանկարը` Թաթա Շոշիաշվիլիի/OC Media:

Ցուցարարներից մեկը, որը խնդրել է չնշել իր անունը, OC Media-ին ասել է, որ Նավալնիի մահը ցնցող էր իր համար:

«Ի՞նչն է ինձ բերել [այստեղ]: Դա ցնցումն է, քանի որ ամեն ինչ ունի իր սահմանները,- ասել է նա-, Մենք՝ ռուսներս, շատ երկար ենք դիմանում, բայց անդառնալիության ինչ-որ կետ կա»։

Նա ասել է, որ անհանգստացած է Ռուսաստանում մնացած քաղբանտարկյալների ճակատագրով։

«Նավալնին երեկ իրեն հիանալի էր զգում, փետրվարի 12-ին նա հանդիպել էր մոր հետ և լավ տեսք ուներ, կատակել է և այլն։ Սա պարզապես նշանակում է, որ նրան սպանել են, ինչպես Բորիս Նեմցովին»,- ասել է նա:

Բորիս Նեմցովը լիբերալ քաղաքական գործիչ էր և Վլադիմիր Պուտինի մոլի քննադատը, որին հրազենի կրակոցով սպանել են 2015-ին Մոսկվայում՝ Կրեմլի մերձակայքում գտնվող փողոցներից մեկում:

Քաղաքական արձագանքներ

Նավալնիի մահվան լուրից հետո արևմտյան երկրների և կառույցների ղեկավարները, ներառյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԵՄ-ի նախագահ Շառլ Միշելը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, շտապեցին Նավալնիի սպանության համար մեղադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:

Չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև աճող տարաձայնություններին, Հայաստանի իշխանությունները մինչ այժմ լռել են այս հարցում, ինչպեսև լռել են Ադրբեջանի իշխանությունները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արագ է արձագանքել՝ Նավալնիի մահն անվանելով «ողբերգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների բոլոր պաշտպանների համար»:


Թբիլիսիում ցուցարարները խոստացել են շարունակել ընդդիմանալ Պուտինին՝ վանկարկելով Նավալնիի անունը և պնդելով, որ չեն մոռանա նրան։ Լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլիի/OC Media։

Ցույց Թբիլիսիում, լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլիի/OC Media։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն, ավելի պակաս պարզորոշ է արտահայտվել այս հարցում: Լրագրողների հարցին, թե արդյոք Նավալնին Պուտինի վերջին զոհն էր, կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն պատասխանել է, որ «իհարկե», ինչից հետո խոսել է Վրաստանի ընդդիմության մասին։

«Մենք չպետք է մոռանանք, որ, ցավոք սրտի, դա մեզ հիշեցնում է հարյուրավոր բանտարկյալների մասին, որոնք մահացել են մեր բանտում մինչև 2012-ը»,- ասել է նա։

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, լրագրողների հարցին ի պատասխան, միայն ասել է, որ «այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի կարող անել»։

Վրաստանի ընդդիմության առաջնորդներն ավելի անկեղծ են արտահայտվել։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում գովաբանում է Նավալնիին, որ վերադարձել էր և «պայքարում էր Պուտինի բռնապետության և մարդասպան ռեժիմի դեմ»՝ չնայած իր կյանքին սպառնացող վտանգին։ «Պուտինը վախկոտ կերպով վերացնում է իր բոլոր քաղաքական հակառակորդներին՝ այդպիսով սպանելով Ռուսաստանում ժողովրդավարության ցանկացած հեռանկար»,- ասվում է հայտարարությունում։

Կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բանտում պատիժ է կրում իշխանությունը չարաշահելու համար, գրել է. «Նավալնին չկա։ Արդյոք ե՞ս եմ հաջորդը Պուտինի կողմից մահապատժի ենթարկվողների հերթում»։

«Ես հաճախ համաձայն չէի նրա հետ, և Պուտինը մեզ հաճախ էր համեմատում և հավասարապես ատում երկուսիս»,- հավելել է նա։

Ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան X սոցցանցի իր էջում գրել է, որ Նավալնիի մահը «վկայությունն էր Ռուսաստանի և Պուտինի իսկական, դաժան, անխիղճ էության»։

Վրաստանի նախկին վարչապետ, իսկ այժմ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ցավակցել է Նավալնիի ընտանիքին և ընկերներին՝ գրելով, որ նրա մահը բանտում «ռուսական հարատև արդիականացված տոտալիտարիզմի դաժան խորհրդանիշն է»։

«Այն սպանում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Այն վտանգ է ներկայացնում ինչպես մարդկության, այնպես էլ միջազգային անվտանգության համար»,- գրել է նա։

Մեկնաբանել