Վրաստանի նախագահը վետո կդնի Ընտրական օրենսգրքի «հակաեվրոպական» փոփոխությունների վրա

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստ, 20 փետրվարի 2024: Լուսանկարը՝ Parliament.ge-ի

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է վետո դնել երկրի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա, որոնք իշխող կուսակցությանը թույլ կտան մեծ ազդեցություն ունենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կազմի վրա: Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դա հակասում է ԵՄ առաջարկություններին։

Զուրաբիշվիլին խոստացել է վետո դնել օրենքի վրա փետրվարի 27-ի կեսօրին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավորած խորհրդարանական մեծամասնության կողմից ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց ժամեր անց:

Փոփոխությունները թույլ կտան ԿԸՀ նախագահի և անկուսակցական անդամների ընտրության ժամանակ քվեարկության փուլային համակարգ ներդնել: ԿԸՀ անդամները նախկինում կարող էին ընտրվել միայն հինգ տարի ժամկետով՝ ստանալով 150 պատգամավորներից 90-ի «կողմ» ձայները, սակայն վերջին տարիներին նրա անդամները փոխարենը պաշտոնավարում էին վեցամսյա ժամկետով, ինչի համար անհրաժեշտ էր ընդամենը 76 պատգամավորի ձայն։

Այդուհանդերձ, նոր կանոնների համաձայն, եթե խորհրդարանական մեծամասնությունը չի կարողանում հավաքել նոր նախագահին ընտրելու համար անհրաժեշտ 90 ձայնը, խորհրդարանը կարող է միջնորդություն ընդունել և 76 ձայնի պարզ մեծամասնությամբ ԿԸՀ նախագահ ընտրել:

Եթե խորհրդարանը քվեարկության երկրորդ կամ երրորդ փուլում չի կարողանում ԿԸՀ նախագահ ընտրել իջեցված շեմով, անձամբ Վրաստանի նախագահն է ընտրում ԿԸՀ անդամներին՝ խորհրդարանի խոսնակի ընտրած թեկնածուներից:

Եթե Զուրաբիշվիլին 2017-ին կատարված փոփոխությունների համաձայն իշխանության եկավ համաժողովրդական քվեարկության միջոցով, ապա նրա իրավահաջորդին արդեն կընտրեն խորհրդարանի և տեղական խորհուրդների 300 անդամներ: Արդյունքում, եթե իշխող կուսակցությունը պահպանի իր խորհրդարանական և շրջանային մեծամասնությունը, ապա փաստացի կկարողանա նախագահ ընտրել։

Ներկայումս «Վրացական երազանք»-ը խորհրդարանում վերահսկում է առնվազն 80 մանդատ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ վերընտրել հանձնաժողովի գործող նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիին՝ քվեարկության երկրորդ փուլով:

Սա Վրաստանի ընտրական օրենսդրության մի շարք փոփոխություններից ամենավերջինն է: 2023-ի հունիսին իշխող կուսակցությունն ընդունել է փոփոխություններ, որոնք խորհրդարանի նախագահին իրավունք են տալիս առաջադրել ԿԸՀ բոլոր թեկնածուներին, և չեղարկել է նախագահի այդ իրավունքը:

Ընդդեմ ԵՄ առաջարկությունների

Օրենսդրական այս փոփոխությունների վրա վետո դնելու մտադրության մասին իր հայտարարությունում Զուրաբիշվիլին «Վրացական երազանք»-ին մեղադրել է Եվրամիության և Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնի ներկայացրած ինը առաջարկություններին դեմ գնալու մեջ, որոնք Վրաստանը որպես նախապայման պետք է կատարի ԵՄ-ին անդամակցելուց առաջ։

«Փոխանակ [Կենտրոնական] ընտրական հանձնաժողովի ղեկավարն ու անդամներն ընտրվեն և ընտրվեն լայն կոնսենսուսով, ընդունված փոփոխություններով ԿԸՀ-ի համալրման գործընթացը […] միայն հարմարեցված է իշխող կուսակցության քաղաքական շահերին»,- ասվում է նախագահի հայտարարությունում։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը բարձր էր գնահատել ընտրական բարեփոխումները, որոնք արդեն իրականացրել է «Վրացական երազանք»-ը, և Վրաստանին խրախուսել էր «առաջիկա ընտրություններից առաջ» ավարտին հասցնել բարեփոխումները, մասնավորապես՝ կապված «ազատ, արդար և մրցակցային» խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հետ։

Դեկտեմբերին ընտրական փոփոխությունների վերաբերյալ իրենց զեկույցում Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը Վրաստանի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները որակել էին որպես «բարդ և բավականին շփոթեցնող» և նշել, որ «մի քանի ակնառու առաջարկություններ» դեռևս չեն իրականացվել։ Զեկույցում նաև նշվում էր, որ փոփոխությունները հետագայում շեղվել են ընտրական բարեփոխումների ծրագրից, որն ամրագրված է 2021-ի ապրիլին Վրաստանի իշխող կուսակցության և ընդդիմության միջև կնքված համաձայնագրով, որը ձեռք է բերվել Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Նույն օրը, երբ «Վրացական երազանք»-ը փոխում էր Ընտրական օրենսգիրքը, նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բրյուսելում հանդիպում էր Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։ Լուսանկարը՝ Շառլ Միշելի ֆեյսբուքյան էջից։

Զուրաբիշվիլիի հայտարարությունից առաջ ընդդիմության անդամները նախագահին կոչ էին արել վետո դնել ընտրական փոփոխությունների վրա։ «Եվրոլավատեսներ» խորհրդարանական ընդդիմադիր խմբի պատգամավոր Ռոման Գոցիրիձեն իշխող կուսակցությանը մեղադրել է երկրի Ընտրական օրենսգիրքն իր շահերին համապատասխանեցնելու մեջ՝ ի հաշիվ ԵՄ-ի կողմից ակնկալվող բարեփոխումների։

«Ինը նախապայմաններից մեկը, որը վերաբերում է ընտրական բարեփոխումներին, ձախողվում է այս փոփոխություններն ընդունելուց հետո,- երեքշաբթի նախազգուշացրել է խորհրդարանական «Բարեփոխում» խմբի պատգամավոր Պաատա Մանջգալաձեն,- Մենք չենք կարող աջակցել փոփոխություններին, որոնք […] կխանգարեն Եվրամիությանը Վրաստանի արագացված կարգով միանալուն»:

Օրենսդրական փոփոխությունը քննադատել են նաև ՏԻՄ ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունները։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նախազգուշացրել է, որ փոփոխությունները հակասում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, իսկ Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցությունը (ISFED) նշել է, որ «խորհրդարանական մեծամասնության» որոշումը չի նպաստում Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին։

Համապետական ընտրությունների պատրաստություն

Այս փոփոխությունները «Վրացական երազանք»-ի առաջին խոշոր օրենսդրական փաթեթն է վարչապետի պաշտոնում Իրակլի Կոբախիձեի նշանակվելուց հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հանկարծակի հրաժարական տվեց։

[Կարդացեք նաև «Ո՞վ է Իրակլի Կոբախիձեն` Վրաստանի հաջորդ վարչապետը»]

Փոփոխությունները կատարվում են նաև հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից ութ ամիս առաջ։

«Վրացական երազանք»-ը բացառել է, որ կոալիցիոն կառավարություն կկազմի՝ փոխարենը խոստանալով հոկտեմբերի վերջին տեղի ունենալիք ընտրություններում ստանալ սահմանադրական մեծամասնություն: Իշխող կուսակցությունը, կարծես, պատրաստ է ներկայանալ որպես խաղաղության երաշխավոր՝ Արևմուտքին և «արմատական ընդդիմությանը» մեղադրելով Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու ձգտումների մեջ։

Վրաստանի ընդդիմադիր խմբերը ներկայումս ձգտում են կոալիցիաներ ստեղծել այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը մերժեց ընտրական անցողիկ 5 տոկոսի շեմը նվազեցնելու առաջարկները:

Վերջին ամիսներին ընդդիմությունը հիմնականում կենտրոնացել է իշխող կուսակցության առաջնորդների շրջանում կոռուպցիայի մեղադրանքների վրա և կասկածի տակ է դրել «Վրացական երազանք»-ի կարողությունը՝ համապատասխանելու պահանջներին, որոնք անհրաժեշտ են մինչև տարեվերջ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններն սկսելու համար։

Մեկնաբանել