Հայաստանը պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ ՔՊ-ական պատգամավորներ

armenia eu flags

Հայաստանը պատրաստ է էլ ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ։ Ազգային ժողովում մարտի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է մտածի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին։

«Ինչ օրակարգեր կլինեն` առաջիկայում դրանց մասին կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով, երբ լինեն համապատասխան որոշումներ։ Բայց ես արձանագրում եմ, որ մեր օրակարգում է բնականաբար ԵՄ անդամ երկների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով Հայաստանի պետական շահը»,- ասաց Հովհաննիսյանը։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանի չորս սահմանակից պետություններից երկուսը ԵՄ անդամության թեկնածու են։

«Սա, իհարկե, տեղափոխում է նաև այս անդամակցության աշխարհագրության սահմանները դեպի Հայաստանի Հանրապետություն և ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է։ Որևէ մեկն էլ չի բացառի, որ տնտեսական ինտեգրացիայի առումով ԵՄ օրինակը լավագույններից է, եթե ոչ ամենալավը»,- նշեց նա։

Հարց հնչեց նաև «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների տեղակայման մասին։ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ հանգամանքն իրենց անհանգստացնում է ու այն քաղաքական թիմի օրակարգում է։ Պատգամավորը, սակայն, չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ են քննարկում։

«Ի՞նչ տեղի ունեցավ, որ պաշտոնավարման 6-րդ տարում իշխանությունը գլխի ընկավ, որ «Զվարթնոցում» ռուս սահմանապահների ներկայությունը խնդրահարույց է»,- հետաքրքրվեց «Ֆակտորի» լրագրողը, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, թե վերջին 6 տարվա ընթացքում բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան։

«Նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտնագային կառույցը չի աշխատում, բայց սա նշանակում է, որ երբ խնդիրը ի հայտ է գալիս, պետք է գնալ ու լուծել այն»,- նշեց Հովհաննիսյանը։

Մեկնաբանել