Միրզոյանը մարտի 1-3-ը կմասնակցի Անթալիայի ֆորումին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ը աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել էր նաև 2022-ի մարտին։ Նախորդ տարի ևս Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնել էր Թուրքիա։ 2023-ի փետրվարին Արարատ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպել էր որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին և Անկարայում բանակցություններ էր վարել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

***

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

2022 հուլիսի 1-ին անցկացված չորրորդ հանդիպման ընթացքում Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն էր ձեռքբերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման շուրջ։

Մեկնաբանել