ՀԲԸՄ երկարամյա նախագահ Պերճ Սեդրակյանին կհաջորդի Սեմ Սիմոնյանը  

Պերճ Սեդրակյանը և Սեմ Սիմոնյանը։ Լուսանկարը՝ ՀԲԸՄ կայքից։

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, համաձայն ՀԲԸՄ կանոնադրության տարիքային սահմանափակումների, 2024-ի աշնանը կթողնի ՀԲԸՄ նախագահի պաշտոնը 22 տարի պաշտոնավարելուց և 47 տարի որպես Կենտրոնական վարչության անդամ լինելուց հետո։ Այս մասին նշված է ՀԲԸՄ-ի՝ հայկական ամենամեծ բարեգործական կազմակերպության կայքում։

«Փետրվարի 24-ին ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ, միաձայն առաջադրեց Սեմ Սիմոնյանի թեկնածությունը ՀԲԸՄ-ի հաջորդ՝ ութերորդ նախագահի պաշտոնում: Սիմոնյանը պաշտոնապես կընտրվի ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի կունենա Նյու Յորքում 2024-ի հոկտեմբերի 12-ին։ Սեդրակյանը կմիանա Հոգաբարձուների խորհրդին»,- նշված է հաղորդագրությունում:

«Սեմ Սիմոնյանը 2000-2019-ին եղել է Կենտրոնական վարչության անդամ։ Ներկայում ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Կյանքի ընթացքում՝ որպես գործարար, ճարտարագետ և բարերար իր բազմաթիվ նախաձեռնություններին և ձեռքբերումներին զուգընթաց՝ նա ակտիվ ներգրավված է եղել ՀԲԸՄ-ի գործունեության մեջ: Սիմոնյանը և նրա տիկինը՝ Սիլվան, Լիբանանում ՀԲԸՄ դպրոցների շրջանավարտներ են:

Սիմոնյանները հիմնադրել են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանում. բեկումնային նախաձեռնություն, որը հեղափոխեց արտադպրոցական կրթության ոլորտը՝ աշակերտներին հնարավորություն տալով իրենց ուժերն ինքնուրույն փորձել տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտներում՝ դրանով իսկ բարձրացնելով իրենց մրցունակության գործակիցը համաշխարհային տնտեսության մեջ: Հայաստանում ԹՈՒՄՈ-ի հիմնադրումից ի վեր ԹՈՒՄՈ կենտրոններ և տուփեր ստեղծվել են Հայաստանի տարբեր մարզերում և ընդլայնվել աշխարհի բազմաթիվ քաղաքներում:

Փետրվարի 24-ին Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քվեարկությունից հետո նախագահ Սեդրակյանն անդրադարձել է Սիմոնյանի ընտրությանը. «Անկասկած Սեմ Սիմոնյանը լավագույնս համապատասխանում է ՀԲԸՄ-ի նման լայնածավալ գործունեություն ծավալող կազմակերպությունը ղեկավարելու պաշտոնին: Սեմն ակնածանքով է վերաբերվում ՀԲԸՄ-ի ստեղծած ավանդին, հավատում դրա հիմնական առաքելությանը, սակայն գիտակցում է, որ մեծ հարգանք վայելող այս կազմակերպության բարգավաճման համար փոփոխությունն անհրաժեշտություն է, և այն պետք է իրականացվի մեծ պատասխանատվությամբ և ռազմավարական մոտեցմամբ: Ես վստահ եմ, որ Սեմը Կենտրոնական վարչության աջակցությամբ կղեկավարի ՀԲԸՄ-ն այն նույն եռանդով ու վճռականությամբ, որն ինքը դրսևորել է իր հաջողված կարիերայի ընթացքում»:

Մեկնաբանել