Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն մայիսին կրկին հանդիպում կունենան։ Այդ մասին մարտի 28-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ մանրամասներ ներկայացնելով Ժնևում Միջխորհրդարանական միության հարթակում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումից։

«Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել շփումներ սկսել խորհրդարանական մակարդակում։ Ես ասացի, որ այս հարցը պետք է քննարկեմ մեր խմբակցության և մեր թիմի հետ։ Նա նույնպես պատրաստակամություն հայտնել իրենց ներսում քննարկել, և մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը նախնական պայմանավորվածությամբ կկայանա մայիսի կեսերին»,- հայտնել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպումը կրկին կկայանա Միջխորհրդարանական միության հարթակում։

ԱԺ նախագահը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ մարտի 22-ին կայացած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Կառուցողականությունը կայանում էր նրանում, որ մենք համաձայնեցինք, որ երկուստեք անվստահության մթնոլորտ կա։ Իրենք մեզ չեն վստահում ու ասում են, որ մենք հարձակվելու ենք։ Նա առաջ էր քաշում իրենց նարատիվները, որոնց մասին մշտապես խոսում են։ Նա փորձեց ինձ վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք կամ որևիցե բան չի նախապատրաստվում։ Ես հակադարձեցի՝ ասելով, թե այդ դեպքում ինչի համար են այդքան մեծ քանակությամբ զենք գնում, նա էլ ինձ մեղադրեց նրա մեջ, որ մենք ենք զենք գնում։ Մի խոսքով՝ փոքր վեճ սկսվեց, որից հետո մենք վերադարձանք խորհրդարանական հարթություն»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

***

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

Մեկնաբանել