Դադարեցնել ազգային արժեքների դեմ պայքարելը, կենտրոնանալ բանակի հզորացման վրա․ ՀՅԴ Բյուրոն՝ իշխանությանը

Տավուշի ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ, ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։ Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին «վերջ դնել ազգային արժեքների ու կառույցների դեմ պայքարելու քաղաքականությանը և կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու հզորացման վրա»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը ևս մեկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացահայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամությունը։ Այս անգամ հերթը Տավուշի մարզինն է։ ՀՀ ներկա իշխանության վարած ազգագործան քաղաքականության հետևանքով թշնամուն են հանձնվում ռազմավարական նշանակության տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ։

Արցախի հանձնումը միայն սկիզբն էր։ ՀՀ իշխանությունն ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը։ Արցախի իրավունքների բարձրացման և հետապնդման բացառիկ լիազորություն ունեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված պետական մարմինները։ Այդ մարմինները վարկաբեկելը և նրանց գործունեությանը խոչընդոտելը նշանակում է հրաժարվել այդ իրավունքներից։

Արցախի կարգավիճակի և արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի հարցերը հայության օրակարգում են և մինչև չլուծվեն այդ հարցերը՝ չի կարող լինել արժանապատիվ և իրական խաղաղություն։

Հ.Յ.Դաշնակցությունն անցնող տարիների ընթացքում բազմիցս զգուշացրել է Հայաստանի և Արցախի նկատմամբ թշնամիներից եկող վտանգների ու սպառնալիքների մասին, որոնց առջև գիտակցաբար և համոզումով տեղի է տալիս ՀՀ իշխանությունը։

Անհրաժեշտ է վերջ դնել ազգային արժեքների ու կառույցների դեմ պայքարելու քաղաքականությանը և կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու հզորացման վրա։

Համոզված ենք՝ Հայաստանում և Սփյուռքում, բոլոր առողջ, ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է։ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը»։

Մեկնաբանել