Քրդերը միավորվում են Սիրիայում՝ ինքնավարության հեռանկարի շուրջ

2003թ. իրաքյան պատերազմից հետո երկրի հյուսիսային մասում քրդերն ամրապնդեցին իրենց ինքնավարությունը՝ այս հատվածը անվանելով Հարավային Քրդստան: Սիրիական իրադարձությունների արդյունքում արաբական այս երկրի հյուսիսային մասում հնարավոր է՝ ստեղծվի քրդական ևս մեկ ինքնավարություն՝ Արևմտյան Քրդստանը, որը կլինի Թուրքիայի նոր հարևանը: Ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում Թուրքիան դեմ է քրդական ինքնավարության ստեղծմանը՝ այն համարելով սպառնալիք սեփական անվտանգությանը:

ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների դիրքորոշումը քրդաբնակ շրջանների ինքնավարության վերաբերյալ հստակ չէ, ինչը քրդերից առավելագույն համախմբվածություն է պահանջում։ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական մասնաճյուղը համարվող «Քրդստանի դեմոկրատական միությունը» և «Քրդական ազգային խորհուրդը», որոնք նախկինում անջատ էին գործում, համաձայնության են եկել Սիրիայի քրդական շրջանների կառավարման հարցում: Այս մասին հայտարարել է «Քրդական ազգային խորհրդի» արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդուլ Համիդ Հաջը Դերվիշին՝ նշելով, որ միավորման գործում մեծ է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի դերը:

Ըստ պայմանավորվածության՝ այսուհետ քրդերը պայքար են մղելու այնպիսի Սիրիայի համար, որը կլինի դեմոկրատական երկիր և կունենա դաշնային կառուցվածք, իսկ քրդաբնակ շրջանները կլինեն ինքնավար: Ընդ որում՝ քրդերը չեն թաքցնում, որ միավորման խթան է դարձել թուրքական հնարավոր սպառնալիքը: Դերվիշին մեղադրել է Թուրքիային, որը խոչընդոտում է քրդական ծրագրերին և ինքնավարության ձեռքբերմանը: Մեկ այլ քուրդ գործիչ՝ Ալդար Խելիլին, հայտարարել է, որ միավորման հիմքում ընկած է արտաքին ուժերի՝ տարածաշրջան ներթափանցման կանխումը: Քրդական կազմակերպությունները որոշել են միավորել ուժերը և համատեղ պայքարել:

Հնարավոր է՝ քրդերի ինքնավարության պահանջները փոխվեն անկախության, երբ քաղաքական ասպարեզից հեռանա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: Ասադի անձը կարող է պատճառ դառնալ նաև քրդական միասնության պառակտմանը. եթե PKK-ին հարող ուժերը համագործակցում են Սիրիայի նախագահի հետ և պատրաստ են շարունակել այն, ապա Բարզանին և նրան հարող «Քրդական ազգային խորհուրդը» բացառում են Ասադի հետ որևէ պայմանավորվածություն։

Բնականաբար, զարգացումներին Թուրքիայում մեծ անհանգստությամբ են հետևում: Սիրիական ճգնաժամի դեռ սկզբից Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա քրդական պետության ստեղծում: Ավելին՝ Թուրքիան զգուշանում է իր տարածքում քրդական չմարող շարժումների ակտիվացումից:

Հավանաբար այդ իսկ պատճառով այս օրերին Էրդողանը կոչ արեց քուրդ զինյալներին վայր դնել զենքը և հեռանալ որևէ երկիր՝ խոստանալով որևէ կերպ չխոչընդոտել դա։ Հայտարարությանն արձագանքեց PKK-ի ներկայիս ղեկավար Մուրատ Քարայըլանը՝ ասելով, որ իրենց օրակարգում զինադադարի հարց չկա։ Ավելին՝ Քարայըլանը հայտարարել է, որ քրդերը շարունակելու են զինվել: «Ինչու զենքը վայր դնել, եթե Մերձավոր Արևելքում վիճակը խառն է, Սիրիայի քրդերի ճակատագիրն էլ՝ անհայտ»,– ասել է Քարայըլանը:

Այս համատեքստում ուշագրավ է թուրք հայտնի լրագրող Ջենքիզ Չանդարի հրապարակումը, թե Մերձավոր Արևելքում փոխվելու են սահմանները, ներառյալ Թուրքիայինը։ «Կա՛մ Թուրքիան կլուծի քրդական խնդիրը, կա՛մ քրդերը՝ Թուրքիայի…»,– թուրքական Radikal պարբերականում գրել է նա։

Մեկնաբանել