Ուղղակի ներդրումները կրճատվել են կիսով չափ

Հայաստանին վստահում են միայն
օֆշորները
Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան Հայաստանում գործարար միջավայրի ու տնտեսավարման պայմանների բարելավում են արձանագրում, այնինչ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը էապես կրճատում են ներդրումների ծավալը։ Ըստ Doing Business-2013 զեկույցի՝ 85 երկրների շարքում գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը։ Եվ սա այն դեպքում, երբ զեկույցի ենթացուցիչներից մեկը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, Հայաստանում կրճատվել է մոտ կիսով չափ։ Հիմնական գործընկերներ երկրներից ներդրումների կրճատման ֆոնին հայկական տնտեսությանը սկսել են վստահել օֆշորային ներդրողները։

Ազգային վիճակագրական ծառայության «Օտարերկրյա ներդրումները 2012թ. հունվար-սեպտեմբերի» հրապարակման համաձայն՝ այս տարվա ինը ամիսներին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է $391,1 մլն, ինչը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 35,2%-ով։ Ուղղակի ներդրումների ծավալն այս ընթացքում կազմել է $221,3 մլն՝ անցած տարվա-հունվար-սեպտեմբերի համեմատ նվազելով 53,8%-ով:

Մեկնաբանելով առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների 39,4%-ով կրճատումը՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը օրերս նշում էր, թե մեկ-երկու խոշոր ներդրումային ծրագրերի ավարտը կարող է էապես փոխել վիճակագրությունը։

Ներդրումների կրճատումը իրականում պայմանավորված է մի քանի խոշոր ծրագրերի, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման և հեռահաղորդակցության ոլորտում «Օրանժ Արմենիայի» ու մյուս օպերատորների ներդրումային ծրագրերի ավարտով։ Սակայն բարենպաստ գործարար միջավայրի պայմաններում ներդրումային խոշոր այս ծրագրերին կարող էին փոխարինել ուրիշները՝ կանխելով ներդրումների նման կրճատումը։

Ներդրումների ծավալի կրճատումը խոսում է այն մասին, որ Հայաստանում ոչ միայն նպաստավոր չէ ներդրումային միջավայրը, այլև թույլ են դիվերսիֆիկացված ներդրումային ուղղությունները։

Այսպես՝ այս տարվա ինը ամիսներին տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 19,46%-ը և ուղղակի ներդրումների 34,13%-ը ուղղվել են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտ։ Ուղղակի ներդրումների 22,23%-ն իրականացվել է հեռահաղորդակցության, իսկ 10,93%-ը՝ անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտներում։

Անկախությունից հետո Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ավելի քան 42%-ը կատարած Ռուսաստանն այս տարվա ինն ամիսներին կտրուկ կրճատել է ներդրումների ծավալը։ Հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 71,1%-ով՝ կազմելով $82 մլն, ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 79,9%-ով՝ մինչև $53,6 մլն։ Ռուսական ներդրումների կրճատման հիմնական պատճառն այն է, որ հիմնային մետաղների արտադրությունում կատարած ներդրումները կրճատվել են 46,4 անգամ, էներգետիկ ոլորտի ներդրումները պակասել են ավելի քան 3 անգամ։

Ֆրանսիայից ուղղակի և օտարերկրյա ներդրումները այս տարվա ինն ամիսներին կրճատվել են 55,2%-ով՝ կազմելով 34,5 մլն։
Ներդրումները նվազեցրել է «Օրանժ Արմենա» ընկերությունը. հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ծավալը կրճատվել է 3,7 անգամ։

Հայաստանի տնտեսությանը չեն վստահել նաև ԱՄՆ-ի ներդրողները։ Միացյալ Նահանգներից օտարերկրյա ներդրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 71,2%-ով՝ կազմելով $7,8 մլն։ Ուղղակի ներդրումները նվազել են 85,7%-ով՝ մինչև $2,5 մլն։

Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կարող էր ավելի փոքր լինել, եթե չլինեին օֆշորային երկրները։ Այսպես՝ օֆշորային Լյուքսեմբուրգից կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը ընթացիկ տարվա ինը ամիսներին աճել է 51,6%-ով՝ հասնելով $13 մլն-ի։ Շվեյցարիայից կատարվել են $37,85 մլն-ի ուղղակի ներդրումներ՝ աճը 127 անգամ։

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարող երկրներից ընդամենը չորսի մասով է արձանագրվել աճ։ Կանադայից կատարված օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 4,4 անգամ՝ կազմելով $102 մլն, Գերմանիայից կատարված ուղղակի ներդրումներն աճել են 97,9%՝ կազմելով $36,7 մլն, Արգենտինայից ուղղակի ներդրումներն ավելացել են 45,1%-ով՝ մինչև $11,56 մլն, Լիբանանից կատարված ներդրումներն աճել են մոտ 5%-ով՝ հասնելով $7,8 մլն-ի։

Օֆշորային Շվեյցարիայից ներդրումների գրեթե ողջ ծավալը ($37,7 մլն) ուղղվել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտ, Լյուքսեմբուրգից կատարված ներդրումները՝ խմիչքների արտադրության ոլորտ։

Մեկնաբանել