Ընտրություններում արդար պայքարի ոչ մի հույս չկա. Զոյա Թադևոսյան

Դժվար է ասել, թե ինչու չկարողացան համաձայնության գալ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն. թերևս, նրանք համաձայնության չեկան, քանի որ ամեն մեկն իր թեկնածուի խնդիրն էր դնում. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց ՀԱԿ անդամ, «Ժողովուրդի իշխանություն» քաղաքական նախաձեռնության ղեկավար Զոյա Թադևոսյանը:

Նա անսպասելի համարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը՝ չբացառելով, որ այդպիսով սկսվել է սերնդափոխությունը: «Սերնդափոխությունը բնական գործընթաց է, և եթե կլինեն այնպիսի անհատներ, ովքեր կկարողանան առաջարկել իրացվող գաղափարներ, ուժեղ հակազդեցություն լինել իշխանությանը, կկայանան: Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի հակազդել երիտասարդներին, ուղղակի նրանք են իրենց նսեմացած զգացել նրա հզոր ներկայության ներքո»,- նշեց նա:

ՀԱԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելը, ըստ նրա, բոյկոտ չէ, և նախատեսված չէ՝ որպես բոյկոտ, ուղղակի չկա որևէ ակնկալիք, որ հնարավոր է ազատ ընտրություններ ունենալ: «Ընտրություններին մենք մասնակցում ենք հանձնաժողովների անդամների մակարդակով, նրանք կգրեն իրենց կարծիքն, ու մենք կունենանք նաև դրա [անազատ ընտրությունների] գրավոր ապացույցները,- ասաց նա:- Մեր չմասնակցությունը ամայության ակնկալիքով է. գուցե թե իշխանությունը ձևավորվի ազատ ընտրությունների արդյունքում, վստահ եմ, որ և ինձ, և Կոնգրեսի ցանկացած անդամի համար կարևոր չէ, թե ով կլինի նախագահ»:

Թադևոսյանն ընդգծեց, որ նման իրավիճակում հստակ է, որ չկա հաղթանակի որևէ հույս, և «սա լատարեյ չի, որ հերթական անգամ ջնջեմ, կարող ա՝ շահեմ», այստեղ կատարվում են հաշվարկներ, քաղաքական մանրակրկիտ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում էլ կայացվում են որոշումներ: «Այսօրվա իրավիճակն ավելի որոշակի թուրքմենբաշու պետություն ստեղծելու հիմք է,- ասաց նա,- և այն թեկնածուները, ովքեր դիմել են ընտրական փոփոխություններ կատարելու նպատակով՝ բաց նամակով կամ խորհրդարան, և չեն ստացել պատասխան, և մտել են ընտրապայքարի մեջ, դա առնվազն անտրամաբանական է, ես չեմ ուզում այլ որևէ գնահատական տալ»:

Մեկնաբանել