ԵՄ-ն Բաքվին կրկին կոչ է արել դադարեցնել ռեպրեսիաները երկրում

Փետրվարի 14-ին Եվրամիությունը վերջին մեկ շաբաթում արդեն երկրորդ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարության մասին: Այսպես՝ փետրվարի 9-ին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը ու ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատել են ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի և Թոֆիկ Յագուբլուի ձերբակալությունը:

«ԵՄ-ն վերահաստատում է իր նախկին արձագանքը և կրկին կոչ է անում անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր երկու գործիչներին՝ ապահովելով նրանց ներկայացված մեղադրանքների ազատ և արդար հետաքննությունը», -ասված է երեկ տարածած հայտարարության մեջ:

ԵՄ-ն նաև իր խորը մտահոգությունն է հայտնել գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ հետապնդումների կապակցությամբ՝ Բաքվից պահանջելով ապահովել ազատ խոսքի արտահայտման ապահովման հարցում ստանձնած պարտավորությունները:

«Հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունները պետք է բարելավեն իրադրությունը ժողովրդավարության, հիմնական ազատությունների, դատարանների ազատության և օրենքի գերակայության հարցերում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին պայմաններ ստեղծել քաղաքական բաց երկխոսության համար, հրաժարվել քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական գործիչների, լրագրողների, նախագահների պոտենցիալ թեկնածուների հետապնդումներից»,-ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն Բաքվին նաև կոչ է արել ակտիվորեն ահմագործակցել ԵԱՀԿ-ի հետ ժողովրդավարական ընտրական օրենսգրքի ստեղծման ևընտրությունենրի մոնիթորինգի հարցում:

Մեկնաբանել