Թուրքիան ցանկանում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները․ Չավուշօղլու

Թուրքիան ցանկանում է կարգավորել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի այսօրվա նիստի ընթացքում։

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Ռուսաստանը ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար։

«Ռուսաստանն իր ջանքերը կիսել է մեզ հետ, և մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ հարցում։ Մենք սատարում ենք ցանկացած լուծման, որը բխում է Ադրբեջանի շահերից։ Բացի այդ, ձգտում ենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ Թուրքիան փորձել է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և Շվեյցարիայում համաձայնագիր ստորագրել [2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները – ՍիվիլՆեթ], որը, սակայն, հաջողություն չի ունեցել։

Մոսկվա-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափի մասին Չավուշօղլուն խոսել էր նաև ավելի վաղ։

«Մենք դիտարկում ենք Ռուսաստանի առաջարկները: Այդ նախաձեռնությունները համընկնում են այն նախաձեռնությունների հետ, որոնք ժամանակին առաջարկել էինք Հայաստանին: Ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ադրբեջանցի եղբայրները հանդես են գալիս նրա օգտին, որ Անկարան նույնպես իր ուժերի ներածի չափ ներդրում կատարի հակամարտության կարգավորման գործում: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել էր Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Եռակողմ այս առանցքի ձևավորման մասին օգոստոսին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Օրերս լրացավ հայ-թուրքական արձանագրությունների կնքման յոթ տարին։ Թեմային ՍիվիլՆեթի տաղավարում անդրադարձել են Թաթուլ Հակոբյանն ու Գոռ Երանյանը։

Մեկնաբանել