Հայաստանի ձախողումներն ու առաջընթացները

Foreign Policy պարբերականը «Խաղաղության հիմնադրամի» (The Fund For Peace) հետ միասին հրապարակել է ամենամյա «Ձախողված պետությունների ցուցիչը» (Failed States Index-2013): Զեկույցը կենտրոնանում է ռիսկի ցուցանիշների վրա և հիմնված է հազարավոր հոդվածների և առցանց հասանելի ինֆորմացիայի վրա: 2013թ. «Ձախողված պետությունների ցուցիչը» գնահատում է 2012 թվականը և ներառում է 178 երկիր: Վարկանշումը կատարվել է տնտեսական, սոցիալական և քաղաքական բնույթի 12 ցուցիչների և շուրջ 100 ենթացուցիչների հիման վրա, ինչպիսիք են, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ հավասարաչափ զարգացումը, իշխանությունների լեգիտիմությունը և այլն: Ըստ զեկույցի՝ ամեն պետության առավելագույնը տրվում 120 միավոր. որքան բարձր է միավորը, այնքան շատ է պետության ձախողման աստիճանը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը ստացել է 71,3 միավոր: 2012թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանը ստացել էր 72,2 միավոր, 2011թ.՝ 72,3, 2010թ.՝ 74,1, 2009թ.՝ 74,3, 2008թ.՝ 70,7:

Հայաստանը ամենաշատ հետընթացը՝ 3.6 միավոր, ունեցել է 2009թ. զեկույցում, որը գնահատում էր 2008 թվականը:

Վերջին հինգ զեկույցների համաձայն՝ տարեկան կտրվածքով ամենամեծ առաջընթացը եղել է 2011թ. զեկույցում: Ըստ 2013թ. զեկույցի՝ վերջին մեկ տարում Հայաստանն ունեցել է 0.9 միավորի առաջընթաց: Հայաստանը, 2013թ. զեկույցի համաձայն, առաջընթաց է ունեցել արտաքին դերակատարների միջամտության, անվտանգության համակարգի, աղքատության ու տնտեսական անկման և փախստականների զանգվածային տեղաշարժման կամ ներքին տեղահանված անձանց ցուցանիշներում: Ըստ զեկույցի՝ 0.3 միավորով հետընթաց է եղել լեգիտիմության ցուցանիշում:

Հայաստանը դեռ հետ է 2008թ. զեկույցի ցուցանիշներից, այսինքն՝ այդ տարվա հետընթացը դեռ Հայաստանը չի գերազանցել:

Մեկնաբանել