ՀՀ և Վրաստանի ոստիկանությունների միջև կակտիվացվի կոնկրետ ոլորտներում փոխգործակցությունը

Օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Վրաստանի էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու իրավապահ կառույցների համագործակցության ներկա վիճակին ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ:

Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդել Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությանը, պետք են գործնական քայլեր՝ համագործակցությունն ամենօրյա համատեղ աշխատանքի վերածելու համար:

Մասնավորապես, ընդգծվել է երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և արդյունքների քննարկման ու լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Որոշվել է ակտիվացնել աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ:

Այդ պայմանավորվածության շրջանակում առաջիկա օրերին Հայաստան կժամանեն Վրաստանի ՆԳ նախարարության արտաքին ծառայության, մասնավորապես՝ պարեկային ծառայության ներկայացուցիչները՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ փորձի փոխանակման:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳ նախարարության Վաքե-Սաբուրթալիի շրջանային բաժին, որտեղ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զինանոցին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին:

Ուշագրավ էր այցելությունը, մասնավորապես, Վրաստանի ՆԳ նախարարության «112» ծառայություն, որտեղ կենտրոնացվում է ոստիկանության ստորաբաժանումներից, հրշեջ և փրկարար ծառայություններից, բուժհաստատություններից, ինչպես և քաղաքացիներից ստացվող ողջ ինֆորմացիան:

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, չնայած նախկինում էլ եղել էին երկու երկրների իրավապահ կառույցների ներկայացուցիչների փոխայցելություններ, բայց այս աշխատանքային այցն աննախադեպ էր՝ թե՛ քննարկված խնդիրների շրջանակով, թե՛ գործնական պայմանավորվածություններով, թե՛ փոխըմբռնման ջերմ ու անկեղծ մթնոլորտով, ինչը տեսանելի է դարձնում երկու իրավապահ կառույցների համագործակցությունը գործընկերության և համատեղ սերտ աշխատանքի վերածելու հեռանկարը:

Թբիլիսյան այցից հետո ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու ողեկցությամբ այցելել է Աջարիա, որտեղ հանդիպումներ է ունեցել կառավարության անդամների և իրավապահ կառույցների պատասխանատուների հետ:

Օգոստոսի 11-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Մեկնաբանել