Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 21-ին շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին` ծննդյան տարեդարձի առթիվ:

Ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Լիահույս եմ, որ Ձեր իմաստությամբ դեռ երկար տարիներ պիտի առաջնորդեք հավատացյալ հայ ժողովրդին:

Վստահ եմ, որ Ձեր գահակալության հաջորդ տարիները ևս նշանավորվելու են եկեղեցաշինությամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Հայոց բանակ կապի ամրապնդմամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Սփյուռք կապերի խորացմամբ: Անկասկած հաջողությամբ կպսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր եկեղեցու դերի բարձրացմանն ու մեր պետության հզորացմանը: Վստահ եղեք, որ աշխարհիկ իշխանությունները նույնպես մշտապես Ձեզ աջակից կլինեն այդ աստվածահաճո նախաձեռնություններում:

Վեհափառ Տեր, ևս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք, որպեսզի շարունակեք ազգանվեր Ձեր առաքելությունն ի փառս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների»:

Մեկնաբանել