Ֆրանսիան հնարավոր է համարում «ուժային պատասխանը» Սիրիային

Եթե ապացուցվի, որ սիրիական բանակը քիմիական զենք է կիրառել իր բնակչության դեմ, ապա դա կարող է հիմք հանդիսանալ ուժի կիրառմամբ միջազգային միջամտության համար, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին, որ քիմիական զենքի կիրառման արդյունքում զոհվել է ավելի քան հազար մարդ:

Ֆրանսիան, Բրիտանիան և Թուրքիան ՄԱԿ-ին կոչ են անում Սիրիայի հանդեպ ավելի խիստ միջոցներ կիրառել: Նրանք պահանջում են Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի տեսուչներին տրամադրել անհապաղ հետաքննության անցկացման նոր լիազորություններ: Սակայն որևէ նախանշան, որ Դամասկոսը կտա իր համաձայնությունը, դեռ չկա: Տեսուչները գտնվում են մոտ 15 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ, ըստ հայտարարությունների, կիրառվել է քիմիական զենքը:

Սիրիայի կառավարությունը նման մեղադրանքները համարում է կեղծ և ոչ տրամաբանական: Սիրիական բանակի ներկայացուցիչների խոսքով՝ ընդդիմությունը կեղծ այս լուրերը տարածում է՝ վերջին ժամանակներում իր տարած մեծ կորուստներից ուշադրությունը շեղելու համար:

BFM TV ֆրանսիական ալիքի հետ զրույցում Ֆաբիուսը չի հստակեցրել՝ ինչ ձևով, ըստ նրա, պետք է արձագանքի համաշխարհային հանրությունը Սիրիայում թունավոր նյութերի կիրառմանը, եթե դա ապացուցվի: Նա չի պատասխանել՝ արդյոք նկատի ուներ ռազմական գործողություններ, սակայն կտրականապես հերքել է սիրիական տարածքում ցամաքային գործողողությունների անցկացումը:

Մեկնաբանել