Արմեն Սարգսյանը` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն) նշանակելու մասին: Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

2013թ. մարտին Արմեն Սարգսյանը նշանակվել էր Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության մայրական կառույց Lydian International-ի խորհրդի անդամ և ընկերության տնօրեն: Օրերս հայտնի էր դարձել, որ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել ընկերության ոչ գործադիր տնօրենի պաշտոնից:

Արմեն Սարգսյանը 1996-97 թթ. եղել է Հայաստանի վարչապետ, իսկ մինչ այդ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան:

2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Անգլիայում և Եվրասիայում:

Արմեն Սարգսյանը նաև Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահն է, որի նպատակն է երկխոսության և համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական և բիզնես առաջնորդների միջև: Նա BP, Alcatel, Telefonica, Finmeccanica և Bank of America Merrill Lynch կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական է: