Ռաքայում «Ալ Կաիդան» սրբապղծում է եկեղեցիները

Սիրիայի հյուսիսում ընդդիմադիր ուժերի հսկողության տակ գտնվող Ռաքա քաղաքում «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությանը ենթակա «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումն ամբողջ շրջանի իշխանությունն իր ձեռքում վերցնելուց հետո սկսել է զավթել և ավերել քրիստոնեական եկեղեցիները։

Ինչպես հաղորդում է լիբանանյան Daily Star պարբերականը, սեպտեմբեր 26-ին Հալեպից 160 կմ արևելք գտնվող Ռաքայում «Իրաքի և Շամի իսլամական պետությունը» հայ կաթոլիկ Սբ Նահատակաց եկեղեցին գրավելուց հետո ավերել է նրա ներսը, ապա հանել է եկեղեցու խաչը և այն փոխարինել է «Ալ Կաիդայի» դրոշով։

Ինչպես տեղեկացնում է տեղի ակտիվիստ Նուար Խդերը, Ռաքայի չափավոր մուսլուման քաղաքացիների մի խումբ հավաքվել է Սբ Նահատակաց հայ կաթոլիկ եկեղեցու առջև՝ բողոքելու քրիստոնեական սրբատեղիների հետ կատարվածի դեմ, սակայն «Իրաքի և Շամի իսլամական պետության» զինյալներն ի պատասխան նույն կերպ են վարվել նաև քաղաքի մյուս եկեղեցիների հետ։ Նրանք Արաբ Կաթողիկե Սբ Ավետիս (Բիշարա) եկեղեցու տանիքին այրել են բոլոր իրերն ու սրբապատկերները, ապա բարձրացրել են «Ալ Կաիդայի» դրոշը։

Ռաքայաբնակ սիրիահայ քաղաքական ընդդիմադիր ակտիվիստ Ջիմի Շահինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ, երբ շրջանը նոր անցավ ընդիմադիր ուժերի ձեռքը, մի խումբ ընդդիմադիր մարտական ղեկավարներ, որոնց թվում կային նաև «Ան Նուսրայի» ղեկավարներ, ինձ խնդրեցին, որ օգնեմ հեռացած քրիստոնյաներին վերադառնալ այդ շրջան և շարունակել քրիստոնեական կրոնական արարողությունները։ Նրանք նաև առաջարկեցին մաքրել ու վերականգնել եկեղեցին։ Ես բոլորին խնդրել էի եկեղեցիները հեռու պահել քաղաքական ճգնաժամից, քանի որ նրանց դեմ որևէ ոտնձգություն կարող է մեծ բաժանարար կռիվների հանգեցնել։ Այսօր այս եկեղեցիների դեմ կատարված ավերածություններն ու հրդեհումները ակնհայտ ազդանշան են դրսի համար, որ նրանց հայացքները շեղեն վարչակարգի կատարած խախտումներից»։

Մեկնաբանել