Էրդողանը՝ Օջալանին. դու ինձ փրկիր, ես էլ` քեզ

Թուրքիայում գործող «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Ալթանը Թանն իր տեսակետն է արտահայտել «թուրք-քրդական» խաղաղության գործընթացի, Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել այն հարցին, թե ինչպես կանդրադառնան այդ իրադարձությունները հաշտեցման գործընթացի վրա, գրում է Zaman-ը:

Ալթանը Թանը, որն ազդեցիկ գործիչ է քրդերի շրջանում, մեջլիսում կազմակերպված մամուլի ասուլիսին կտրուկ է արտահայտվել՝ հայտարարելով, որ «թուրք-քրդական խաղաղության գործընթաց առհասարակ գոյություն չունի»:

Քուրդ պատգամավորն ասել է. «Սա խաղ է: Էրդողանի միակ նպատակը ընտրություններում հաջողության հասնելն է: Իմրալըում գտնվող Օջալանին ասում է՝ «Դու ինձ փրկիր, երրորդ ընտրություններից էլ ողջ առողջ դուրս գանք, դրանից հետո տեսնենք՝ գուցե ես էլ քեզ փրկեմ: Ըստ իս՝ այլևս խաղաղության գործընթաց չկա: Էրդողանն ասում է, թե այս ընտրությունները հաջողացնենք, հետո «կնայեմ»: Ինչի պիտի նայի, դա էլ հայտնի չէ: Միայն համաներման ու Օջալանի ազատ արձակման վերաբերյալ ակնարկներ է անում, սակայն երաշխիք չկա, որ դա տեղի կունենա»:

Անդրադառնալով համացանցում հայտնված Էրդողանի և որդու՝ Բիլալի հեռախոսազրույցի ձայնագրությանը՝ Ալթան Թանն ասել է, որ նորմալ երկրում կա՛մ կառավարությունը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտար, կա՛մ էլ շատ շտապ կապացուցվեր, որ ձայնագրությունը իրականությանը չի համապատասխանում:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացի մեկնարկը տրվեց 2013թ. մարտի 21-ին, երբ Օջալանի կոչով Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) զինադադար հայտարարեց: Մայիսի 8-ին սկսվեց քուրդ զինյալների հեռացումը Թուրքիայից, որին պետք է հաջորդեին քրդական հարցի լուծման ուղղությամբ Թուրքիայի կառավարության գործողությունները, սակայն գործընթացը կանգ առավ, իսկ Էրդողանի կատարած քայլերը մեծ ոգևորություն չառաջացրին քրդերի շրջանում:

Այնուամենայնիվ՝ թե՛ Գեզիի ցույցերի և թե՛ դեկտեմբերի 17-ին սկսված «Մեծ կաշառք» օպերացիայից հետո Աբդուլլահ Օջալանը բանտից հանդես եկավ Էրդողանի պաշտպանությամբ:

Մեկնաբանել