Ոստիկանությունն այսուհետև էլ կլինի «Ոսկե ծիրան»-ի կողքին. Վ. Գասպարյան

Փետրվարի 27-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային ամենախոշոր մշակութային միջոցառումների օրերին ոստիկանությունն այսուհետև էլ կլինի «Ոսկե ծիրան»-ի կողքին` առաջին հերթին որպես մասնակիցների անվտանգությունն ապահովող, ապա նաև մշակույթ սիրող կառույց:

Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրան»-ի անձնակազմի և տնօրինության անունից շնորհակալություն հայտնելով ոստիկանության պետին` փառատոնին մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար, նշել է, որ հոբելյանական տարվա շրջանակներում «Ոսկե ծիրան»-ը մեդալներ և պատվոգրեր է նախատեսել իր հավատարիմ գործընկերոջ` ՀՀ ոստիկանության համար:

Հոբելյանական պարգևներով պարգևատրվել են ոստիկանության զորքերի նվագախմբի ծառայության պետ Արթուր Աբելյանը, դիրիժոր Հակոբ Սաֆարյանը, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության տնտեսության վարչության ավտոտնտեսության մի շարք ծառայողներ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր` «Մանթաշյանի ասպետ» շքանշանով պարգևատրվել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Մեկնաբանել