Արսեն Ջուլֆալակյան. Ավելի քան 16 տարի սպասել եմ այս մեդալին (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց անմիջապես հետո հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը կիսվել է տպավորություններով:

«Ավելի քան 16 տարի նախապատրաստվել եմ և սպասել այս մեդալին: Բազմաթիվ արծաթե և բրոնզե մեդալներ եմ նվաճել, բայց այս անգամ իմ աստեղային ժամն էր: Ես առավելագույնն արեցի հաղթանակի համար և, ինչպես տեսաք, նվաճեցի ոսկե մեդալը: Կարծում եմ` լավ գոտեմարտեր անցկացրի. մինչև եզրափակիչ ընդամենը մեկ մրցավեճում գրանցվեց 1:0 հաշիվ, մյուս բոլոր դեպքերում հաղթեցի նվազագույնը 10 միավորի առավելությամբ և երջանիկ եմ դրա համար:

Կարծում եմ` նշանակություն չունի` դու ազատ ոճի ըմբշամարտիկ ես, թե` հունահռոմեական. եթե դու լավ մարզիկ ես, տեխնիկապես լավ ես պատրաստված, ապա մրցամարտը դիտարժան է ստացվում, հենց այդ պատճառով էլ մարդկանց դուր է գալիս իմ ոճը, թեև չեմ ցանկանում ինքս ինձ գովել: Ես ոչ մի ջանք չեմ խնայում և մարդկանց դուր են գալիս իմ գոտեմարտերը:»

Մեկնաբանել