ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել շփման գծում

Դիտարկումն անցել է՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, նշում է ԵԱՀԿ-ն: Դիտարկումն անցել է՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, նշում է ԵԱՀԿ-ն:

ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Եվգենի Շարովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլերը։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

«Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի կործանումից հետո սա ԵԱՀԿ երկրորդ դիտարկումն էր շփման գծում։

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային նախորդ դիտարկումն անցկացրել էր նոյեմբերի 18-ին Ասկերանի ուղղությամբ՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի խոցումից օրեր անց։ Ադրբեջանը հնարավորություն չէր տվել դիտարկումն անցկացնել ուղղաթիռի անկման վայրում։

Մեկնաբանել