Ամփոփվել է «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ առցանց կինոփառատոնը

IMG_2773Ապրիլի 1-ին ամփոփվել է «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը, որի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: Փառատոնի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Ինչպես հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից, փառատոնը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Փառատոնի ժյուրին մեկ ամիս դիտել է webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 42 ֆիլմերը:

«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23 000 դիտում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից :

Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, որի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Գլխավոր մրցանակակիրը պարգևատրվել է 400 000 դրամով:

Սահմանված էր նաև երկու խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Առաջին խրախուսական մրցանակին արժանացել է Նահապետ Սարգսյանի «Էխո» ֆիլմը (օպերատոր` Վահե Տերտերյան): Երկրորդ խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանի «Գորգեր» ֆիլմը (օպերատոր՝ Գաբրիել Միրաքյան):

«Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվել է Անի Հակոբյանին`«Ուղերձ» ֆիլմի համար, որը դիտել էր 3 366 օգտատեր:

Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները, կստանան 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:

«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված են եղել նաև ֆիլմեր, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս համատեքստում փառատոնի հատուկ դիպլոմին է արժանացել Սասնուհի Մանուկյանի «Տատս» ֆիլմը:

«WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնի գլխավոր նպատակներից մեկը կինոարտադրության ոլորտում մուլտիմեդիա համակարգերի զարգացումն է և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության խրախուսումը: Այս համատեքստում փառատոնի դիպլոմին է արժանացել Նարե Գալստյանի «Ես եմ» դիպլոմային ֆիլմը, որը նկարահանված է հեռախոսով:

Մեկնաբանել