«Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ երկամսյա կալանք կիրառվեց

Police held a recet at the Founding Paliament office «Հիմնադիր խորհրդարանի» Երևանի գրասենյակը, ապրիլի 7, 2015թ.:

Դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք է սահմանել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի, նախաձեռնության փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի, նախաձեռնության քարտուղարության համակարգող, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, նախաձեռնության անդամներ Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց նրանցից երեքի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը: Ապրիլի 9-ին Չուգասզյանին, Ավետիսյանին, Սեֆիլյանին, Մանուկյանին և Սաֆարյանին առաջադրվել էր մեղադրանք` զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով:

Եգորյանը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված վեցերորդ անդամը` Գյումրիի գրասնեյակի պատասխանատու Արամ Հակոբյանը, որը կասկածվում է ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին տարվելու է Քննչական կոմիտե, որտեղ նրան ևս պետք է առաջադրվի մեղադրանք:

«Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ ապրիլի 7-ի առավոտյան բերման էին ենթարկվել: Նրանցից չորսը՝ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել էին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են նաև «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը և նախաձեռնության Գյումրիի գրասնեյակի պատասխանատու Արամ Հակոբյանը:

Հարուցվել էր նաև քրեական գործ՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ, որը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում:

Քննչական կոմիտեն ապրիլի 9-ին հաղորդագրություն է տարածել` նշելով, որ «գործի շրջանակում օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Արամ Հակոբյանի բնակության վայրերում, «Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության» Երևանի, Լոռու և Գյումրու մարզային գրասենյակներում, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակում, ինչպես նաև՝ «Սարդարապատ» ՀԿ գրասենյակի ու դրա կարիքների համար օգտագործվող ավտոմեքենայում»։

«Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք և նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաև՝ կապի միջոցներ, հակագազ և օդազտիչ դիմակ»,- ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն նաև տեսանյութ է տեղադրել, որում ցուցադրվում են խուզարկությունների արդյունքում առգրավված իրեր:

Մեկնաբանել