Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 3 (թարմացվող)

00:30, ԱՊՐԻԼ 4

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

“Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին”։

———-

23:15

Ստեփանակերտից ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը հաղորդում է.

Այս պահին վարչապետ Արա Հարությունյանը Ստեփանակերտի հրապարակում սպասում է դիմավորելու Հայաստանից եկող հարյուրավոր ազատամարտիկների: Տասնյակ ավտոբուսներ սպասում են, որ նրանց հասցնեն ամենաառաջին և վտանգավոր գիծ, որպեսզի նրանք կանգնեն մեր 18 տարեկաններից մեկ քայլ առաջ: Ստեփանակերտում ձյուն է: Թաց է: Ցուրտ է:

20:48

Այսօր երեկոյան կհրապարակվեն զոհված զինվորների անունները, «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

20:40

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին և հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

20:30

Ղազախստանի արտգործնախարարությունը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրման վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արտգործնախարարությունն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը: Լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման և մարդկային կորուստների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և խստորեն պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները: Սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ջանքերին` ևս մեկ անգամ հաստատում ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մեր դիրքորոշումը: Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հարցում շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածության հույս ունի»:

20:00

ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են:

«Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:

Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

19:40

Արծրուն Հովհաննիսյանը վերջին ժամերի իարդարձությունների ընդհանուր պատկերի մասին տեղեկատվություն է հրապարակել:

«Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում, և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող: Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ որում ճակատի շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում: Կրկին ընդգծեմ, սակայն, որ ճակատի որոշ հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են, քանի որ հակառակորդը այդտեղ կուտակել է խոշոր ուժեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:

Նա արել է մի քանի դիտարկում`

– ադրբեջանական այսպես կոչված «ճակատային թողարկումները» ուշադիր դիտեք և ուշադրություն դարձրեք մի հստակ առանձնահատկության` ոչ մի նյութում հստակ և պարզորոշ չի երևում հայկական կողմի մարդկային և տեխնիկական որևէ կորուստ, նույնիսկ որևէ հստակ դիրք չի երևում, որ իրենք գրավել են: Մենք որոշակի կորուստներ ունցել ենք, որի մասին չենք լռել, բայց իրենք նույնիսկ դա էլ ի վիճակի չեն ցուցադրել ու ներկայացնել, իսկ դա միայն նշանակում է այն, որ դաժան մարտերն ընթանում են իրենց զբաղեցրած բնագծերում, և նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում:

– ուշադրություն դարձրեք երկու հասարակությունների վերաբերմունքին արդեն երկրորդ օրն ընթացող մարտական գործողություններին, քանզի, եթե հայկական կողմում հասարակությունը ոգևորված է, իսկ դեպի ճակատ մեկնող կամավորների հոսքն էլ իրոք հսկայական է, ովքեր երգով ու պարով են գնում, ապա թշնամու կողմում լրիվ հակառակ պատկերն է:

– ուզում եմ հատուկ ընդգծել նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների հստակ և հավասարակշռված պահվածքը, երբ առանձին լրատվամիջոցներ հաջողությամբ խուսափեցին հակառակորդի տեղեկատվական ծուղակներից` դրսևորելով սթափ, ազգամետ և արհեստավարժ դիրքորոշում, ինչը նշանակալից առաջընթաց է նախորդ տարիների ֆոնին:

«Վերջում կրկին ուզում եմ ընդգծել, որ ուշադրություն մի դարձրեք հայկական կողմի կրած մարդկային, տեխնիկական և տարածքային կորուստների մասին տարածվող հնարավոր հաղորդումներին, որոնք ուղղված են հասարակության շրջանում վախ և խուճապ առաջացնելուն, քանի որ տեղեկատվական հարձակումը հանդիսանում է ժամանակակից պատերազմի անբաժանելի մասը:

Մենք տիրապետում ենք հստակ և ամբողջական տեղեկատվությանը, ներկայումս այն վերլուծվում է և շուտով կներկայացվի հասարակությանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

19:20

Արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ:

«Քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

19:00

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մշտական կապի մեջ է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ` կապված ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի 2-ին զինված լայնածավալ բախումների վերսկսման հետ, հաղորդում են ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունից:

Հաղորդվում է, որ այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսային նոր բանակցություններ է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում` զինված հակամարտության գոտում, իրադրության զարգացման դինամիկան: «ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից ստանում է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բորդյուժան նախօերին նույնպես հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ. «Նրանք հանգել են ընդհանուր հայտարարի, որ անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել միջոցներ, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը և դադարեցնել մարտական գործողությունները»: Բորդյուժան նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«ՀԱՊԿ քարտուղարությունը շատ ուշադիր հետևում է շփման գծում ստեղծված իրավիճակին: Այս հարցի շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը բազմիցս հայտարարվել է` կրակի դադարեցում և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում, իսկ դրա շարունակությունը հղի է իրադրության ապակայունացմամբ կովկասյան ամբողջ տարածաշրջանում: Մի բան ակնհայտ է` բոլորին միայն խաղաղություն է պետք»,- ասել է Բորդյուժան:

Նա հավելել է, որ «այս հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` դրա կարգավորման շուրջ բանակցություններ իրականացնելու լիազորություններ ունեցող միջազգային գործող մեխանիզմների շրջանակում»:

18:00

ՍիվիլՆեթի լրագրողը Երևանի կենտրոնական հոսպիտալից հաղորդում է, որ Ղարաբաղից տեղափոխված վիրավորների ընդհանուր թիվը տասն է: Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասել է, որ նրանց վիճակը հիմնականում ծանր կայուն է՝ դրական ընթացքով:

17:40

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

«Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բելառուսի արտգործնախարարությունը ապրիլի 2-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Բելառուսի Հանրապետությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտական ակտիվ գործողությունների վերսկսմամբ` ծանր տեսակի սպառազինությունների կիրառմամբ:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր` հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` համապատասխան համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին, նախևառաջ` պետությունների սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտության հարգման և ապահովման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա:

Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և խուսափել ցանկացած քայլից, որոնք հանգեցնում են լարվածության աճի և մարդկային կորուստների: Հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրների աջակցությամբ, կօգտագործեն իրենց հեղինակությունն ու ազդեցությունը` լարվածությունը թուլացնելու և ղարաբաղյան խնդրի լուծման որոնումը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»:

16:40

ԼՂՀ ՊՆ-ն հայտարարում է` Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152-միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:

Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:

ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում»,- ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

16:30

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:

ՀՀ ՊՆ հաղորդմամբ` կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

16:15

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի իշխանությունների արձագանքը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը:

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված:

Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը:

Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե´ Թուրքիայի ներսում, թե´ իր սահմաններից դուրս»,- ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` Tert.am-ին ասել է Շավարշ Քոչարյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կրած մարդկային կորուստների համար և աջակցություն էր հայտնել պաշտոնական Բաքվի գործողություններին:

16:00

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

ՀՀ ՊՆ հաղորդմամբ` հանդիպմանը ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր պատճառները և դրանից վերջինիս սպասելիքները:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը:

Երեկ` ապրիլի 2-ին, Դավիթ Տոնոյանն ընդունել էր Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին:

15:50

Ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումների մասին:

«Այս շաբաթ կարծես երեք զարգացում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման ջանքերում, որոնք, թվում է, հանգեցրել են չափազանց մտահոգիչ ընդգրկուն պատերազմի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին»,- գրել է նա:

Թանկյանի համոզմամբ՝ Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը հնարավոր է՝ Ադրբեջանին դրդել է կարծելու, թե ժամանակն ի վնաս իրենց է աշխատում՝ Լեռնային Ղարաբաղի աստիճանական ճանաչման առումով:

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (կոռումպացված դեսպոտ, որը հորից ժառանգել է նավթով հարուստ վարչակարգը) բռնությունների վերսկսումից ընդամենը մի քանի ժամ առաջ, միգուցե Ալիևին ներշնչել են, թե ԱՄՆ-ը կհանդուրժի նրանց՝ Ղարաբաղը գրավելուն ուղղված ապօրինի ագրեսիան»,- գրել է Թանկյանը:

«Նավթի քամակը համբուրելը պետք է որ պատերազմ չհարուցեր, ճի՞շտ է: Սխալ է»,- եզրափակել է Թանկյանը:

14:35

Մարտակերտը գնդակոծվում է: Թաթուլ Հակոբյանը Մարտակերտից հաղորդում է, որ այժմ պատսպարված են վարչակազմի շենքում:

14:15

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի պնդումը, որ Ադրբեջանի՝ ռազմական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, հաստատում է ՍիվիլՆեթի նկարահանող խումբը: Ժամը 14:00-ին մոտ Մարտակերտում ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանից և օպերատոր Հակոբ Մանուկյանից ընդամենը մետրերի հեռավորության վրա ական է ընկել: Թաթուլին և Հակոբին ոչինչ չի պատահել:

Նրանք հաղորդում են, որ առավոտյան 9-ից մինչև 10-ը Մարտակերտի վրա տարբեր տրամաչափի մոտ 30 ռումբ է նետվել:

14:00

Ընդհանուր առմամբ երեկ և այսօր ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ). ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:

Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 (“Գրադ”) հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:

Իրավիճակի զարգացման հետագա ընթացքին տեղեկանալու համար հետևեք ԼՂՀ ՊՆ հաղորդագրություններին:

13:54

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է.

Հարգելիներս, ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա։

13:36

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճով։

«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճով։ Կոչ եմ անում կողմերին պահպանել հրադադարը և վերսկսել բանակցությունները», – Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պեդրո Ագրամունտը։

13:20

ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ միակողմանիորեն դադարեցնում է «հակահարձակման գործողությունները»՝ «հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների կոչերը»:

12:40

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր խոր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան շփման գծի երկայնքով հրադադարի լայնամասշտաբ խախտումների առնչությամբ:

Ինչպես ասված է ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, գլխավոր քարտուղարը առանձնապես մտահոգված է ծանր զինտեխնիկայի կիրառմամբ և զոհերի մեծ թվով, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարի ռեժիմը: Նա աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք միտված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Artsakh5

Artsakh711:44

«Արցախցիները` բոլորը, գնում են ճակատ. ԶՐՈ խուճապ: Մեզ այստեղ վստահեցնում են, որ ադրբեջանցիները ոչինչ չեն գրավել: Նրանց համար պատրաստվել էր ծուղա: Նրանք ջախջախվել են գրաված ծուղակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, որն այժմ գտնվում է Արցախում:

11:40

ԼՂՀ ՊԲ-ն տարածել է հերթական հաղորդագրությունը.

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:

Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ)»:

11:32

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը հայտնում է, որ Արցախում հանգիստ է և կոչ է անում ադրբեջանական քարոզչությանը չհավատալ:

11:02

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ղարաբաղյան հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել: Այս թեման ապրիլի 2-ին քննարկվել է Լուկաշենկոյի` Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցներում:

Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահական կայքը, այդ երկրի ղեկավարը «ափսոսանք է հայտնել, որ «բախումներում զոհվում են մարդիկ, այդ թվում` զինծառայողներ և խաղաղ բնակիչներ»:

Լուկաշենկոյի կարգադրությամբ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը քննարկվել է նաև նախարարական մակարդակով. համապատասխան բանակցությունները ադրբեջանցի և հայ պաշտոնակիցների հետ վարել է Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, իսկ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը խորհրդակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

10:00

Ղարաբաղյան շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել , խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը…Կրկին շեշտում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահ երկիր` ԱՄՆ հանձնառու է կողմերի հետ աշխատանքին` բանակցային ճանապարհով տևական խաղաղության հասնելու համար»,- ասված է Քերիի հայտարարության մեջ:

Հրադադարի ռեժիմի պահպանման կոչով հանդես է եկել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Վերջինս իր հայտարարության մեջ նշել է, որ ԼՂ հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով:

«Բանակցայինից բացի` չկա այլ ուղի»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը:

9:55

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

9:27

Ղարաբաղյան խնդրի փորձագետ, ամերիկյան Քարնեգի հիմնադրամից Թոմաս դե Վաալը հոդված է հրապարակել՝ վերնագրված «Վտանգավոր օրեր Ղարաբաղում»: «Առավել հավանական է, որ հակամարտության երկու կողմերից մեկը, ավելի մեծ հավանականությամբ՝ Ադրբեջանը, որն ավելի մեծ շահագրգռվածություն ունի ռազմական գործողությունների վերսկսման հարցում, փորձում է իրավիճակը փոխել հօգուտ իրեն՝ սահմանափակ ռազմական գործողություններով»,- գրում է Դե Վաալը: Հոդվածը անգլերեն՝ այստեղ:

8:47

Ապրիլի 2-ի երեկոյան Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել բախումները: Իրանական irna.ir պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱԳՆ խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է.

«Երբ տարածաշրջանն ականատեսն է ծայրահեղական խմբավորումների ավերիչ գործողություններին և կարիք ունի խաղաղության ու կայունության, Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների էսկալացիայի մասին հաղորդագրուությունները Իրանի Իսլամական Հանրապետության համար խոր մտահոգության աղբյուր են»:

8:15

Ապրիլի 3-ի վաղ առավոտյան ԼՂՀ պաշտպանության բանակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

***

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած՝ ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծի ամբողջ երկայնքով Ադրբեջանը ձեռռնարկել է 1994-ի զինադադարից ի վեր ամենամեծ հարձակումը՝ զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու կիրառմամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ հակառակորդը հարձակումը կենտրոնացրել է երկու ուղղությամբ՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց, որ հայկական կողմն ուն 18 զոհ, մոտ 35 վիրավոր: ԼՂՀ ՊԲ-ն հաղորդում է, որ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 զոհ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե իրենք ունեն 12 զոհ:

Ապրիլի 2-ին ղարաբաղյան ճակատում իրադարձությունները՝ այստեղ:

Ապրիլի 3-ին ՍիվիլՆեթը շարունակում է տեքստային ուղիղ ռեժիմով ներկայացնել առաջնագծի իրադարձությունները: ՍիվիլՆեթի նկարահանող խումբը Արցախում է, օրվա ընթացքում Արցախից կլինեն նաև տեսանյութեր: