Ժամանակն է՝ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը․ Ջոն Էվանս

John-Evans-4Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, որն այս օրերին Արցախում է, կարծում է, որ ժամանակն է՝ Արցախի Հանրապետությունը նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը։ Այս մասին նա ասել է «Արցախպրես»-ին տված հարցազրույցում, որը ներկայացված է ստորև:

– Պարոն դեսպան, ինչպե ՞ս ստացվեց, որ այցելեցիք Արցախ:

– Ես այստեղ եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ, դոկտոր Կարո Արմենի հրավերով: Թեև թողել եմ դեսպանի պաշտոնը, սակայն չէի կարող մերժել Կարո Արմենի հրավերը` հատկապես, որ ապրիլյան պատերազմը իմ մեջ ցանկություն էր առաջացրել այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել, թե ինչպես կարելի է հիմնադրամի ծրագրերը բերել ու իրականացնել այստեղ:

– Որպես ամերիկացի դիվանագետ՝ ի՞նչ եք կարծում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին: Ի՞նչ է անհրաժեշտ լուրջ առաջընթաց ունենալու համար:

– Ես ուղղակիորեն չեմ մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ուշադիր հետևում եմ: Մեծ հարգանք ունեմ պարոն Ուորլիքի նկատմամբ: Միշտ հետևում եմ բանակցություններին, որոնք վարում են իմ գործընկերները` այդ թվում ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովը, ով միշտ շեշտում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Արցախի Հանրապետությունը պետք է արդեն բանակցային սեղանի շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը: 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի տակ Արցախը, որպես բանակցությունների լիարժեք կողմ, նույնպես դրել է իր ստորագրությունը:

Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր բաժինը: Միայն այդ պարագայում կապահովվեն առաջընթացի պայմաններ:

Մեկնաբանել