Կառուցելով կամուրջներ. հայ-քրդական ֆորում՝ Լորդերի պալատում

Սեպտեմբերի 12-ին Լոնդոնում՝ Լորդերի պալատում, տեղի է ունեցել «Քրդական առաջընթացի կենտրոնի» և «Կոմիտաս ինստիտուտի» համատեղ հանրային ֆորումը՝ «Հայեր, քրդեր և թուրքեր. դեպի ցավոտ անցյալի խաղաղ հանգուցալուծում» խորագրով:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Բիթլիսի և Մուտքիի (Մոտկան) համաքաղաքապետեր Հուսեյին Օլանը և Օզջան Բիրլիքը, «Կոմիտաս ինստիտուտի» տնօրեն Արա Սարաֆյանը, քաղաքագետ Թունջ Այբաքը: Ֆորումին քննարկվել են հայ-քրդական կամուրջների կառուցման հեռանկարները, Բիթլիսում վերջին զարգացումները:

2013թ. հունիսին «Կոմիտաս ինստիտուտը» սկսել էր քրդերի և հայերի միջև կամուրջների կառուցմանը միտված քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակն է հաշտության գալ 1915թ. ժառանգության հետ և առաջ գնալու խաղաղ ճանապարհ նախանշել: Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը ծավալվել է. դրա շրջանակում կազմակերպվել են Բիթլիսի հայերին վերաբերող մի շարք ցուցահանդեսներ, Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, Բիթլիսի փողոցներից մեկը վերանվանվել է Ուիլիամ Սարոյանի պատվին:

Քուրդ քաղաքապետերն այցելել են Սբ Սարգիս եկեղեցի

Հայ-քրդական ավելի սերտ հարաբերությունների ջատագովներ Հուսեյին Օլանն ու Օզջան Բիրլիքը լոնդոնյան այցի շրջանակում այցելել են Քենսինգթոնում հայկական Սբ Սարգիս եկեղեցի, հանդիպում ունեցել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ, քննարկել հայկական սփյուռքի և քրդական համայնքների միջև շփումները: Հանդիպմանը մասնակցել է Հարինգեյի քաղաքապետ Ալի Գյուլ Օզբեքը և «Կոմիտաս ինստիտուտի» տնօրեն Արա Սարաֆյանը: Հայկական եկեղեցի այցի նախօրեին քուրդ պաշտոնյաները հանդես են եկել հայտարարությամբ, որում մատնանշել են Հայոց ցեղասպանության փաստը և հայերի հետ կամուրջներ կառուցելու ցանկություն հայտնել:

«Ժամանակակից Թուրքիան դեռ կրում է այն օրերի սպիերը, այդ թվում՝ Բիթլիսում և Մուտքիում, որտեղից մենք ծագում ենք: Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է հերքել հայերի հետ տեղի ունեցածը»,- ասված է քաղաքապետերի հայտարարության մեջ:

Շեշտելով, որ իրենք չեն կարող չեղարկել 1915-ի «սարսափելի ժառանգությունը»՝ Օլանն ու Բիլրլիքը՝ որպես Բիթլիսի և Մուտքիի քաղաքապետեր, բարեկամության ձեռք են մեկնել բոլոր հայերին:

«Մենք ցանկանում ենք ձեզ հետ նոր կամուրջներ կառուցել, փոխարինել անցյալում քանդվածները: Ապագան մեր ձեռքերում է»,- եզրափակել են քուրդ գործիչները:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել