Բալայանը՝ Ուորլիքի՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց» հայտարարության մասին

Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ կարգավորման վերաբերյալ հայտնի է և բազմիցս ամենաբարձր մակարդակով հնչեցվել է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը։

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել էր Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպումից հետո ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում ասել էր, որ կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ «Սրանք կարգավորման պայմաններ են, բայց միակը չեն։ Փախաստականների վերադարձ, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայություն։ Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և դրանք բոլորը հայտնի են։ Մեզ անհրաժեշտ է կողմերի հետ աշխատել՝ գտնելու միջոց այս բոլոր պայմանները միախմբելու և խաղաղ կարգավորման հասնելու համար, դրանից կշահեն տարածաշրջանի բնակիչները»,- նշել էր Ուորլիքը։

Բալայանն այս առնչությամբ ասաց․ «Ընդհանրապես կարգավորման մասին խոսելիս պետք է խոսել համապարփակ կարգավորման մասին։ Եվ մեր դիրքորոշումը համապարփակ կարգավորման վերաբերյալ բազմիցս արտահայտվել է։ Կարող եք նայել հանրապետության նախագահի, արտգործնախարարի ելույթները, հարցազրույցները, այնտեղ այդ ամենի մասին ասվում է։ Այլ փոփոխություն չի կրել այդ դիրքորոշումը։ Մենք մնում ենք համապարփակ կարգավորման կողմնակից»։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումներում կարգավորման հստակ առաջարկներ ներկայացվել են արդյոք, Տիգրան Բալայանն ասաց, որ կարծում է՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները բավականին բովանդակային կերպով ներկայացնում են, թե ինչ է քննարկվել այդ հանդիպումների ժամանակ։

Բալայանը նաև տեղեկացրեց, որ մոտ ապագայում համանախագահների այց տարածաշրջան չի նախատեսվում, սակայն նշեց, որ առաջիկայում ծրագրված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը միջնորդների հետ։ Հանդիպման ժամկետներն առայժմ հստակեցված չեն։

Առաջիկայում սպասվո՞ւմ է արդյոք Սարգսյան-Ալիև հանդիպում, այս պահին նույնպես հայտնի չէ:

Մեկնաբանել