Հայերեն և ադրբեջաներեն լրատվություն՝ Վրաստանի Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում կլինեն լրատվական հաղորդումներ հայերեն և ադրբեջաներեն, հաղորդում է agenda.ge կայքը։

Հոկտեմբերի 11-ից սկսած՝ ամեն երեկո՝ ժամը 18:00-ին և 20:00-ին, Վրաստանի Հհանրային հեռուստատեսության եթերում կհեռարձակվի «Մոամբե» լրատվական հաղորդումը, որի ընթացքում սեղմելով համապատասխան կոճակը՝ լրատվություն կարելի է ստանալ վրացերեն, հայերեն կամ ադրբեջաներեն։

Agenda.ge կայքը նկատում է, որ այսօր գործարկված նախագիծը բացառիկ է հետխորհրդային տարածքում և հնարավոր է դարձել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

«Սա ազգային փոքրամասնությունների համար իրական ժամանակում և ոչ թե ավելի ուշ՝ այլ աղբյուրներով, տեղեկատվություն ստանալու հնարավորություն է։ Սա նաև կնպաստի Վրաստանի Հանրային հեռարձակողի՝ բոլոր հեռուստադիտողների շրջանում հասանելիությանը»,- նախագծի մեկնարկից հետո հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին։

Վրաստանում վերջին՝ 2014թ․ իրականացված մարդահամարի համաձայն՝ երկրում բնակվում է 3 մլն 713 հազ․ 804 մարդ, որից 233 հազ․ ադրբեջանցի՝ ամենամեծ ազգային փորքամասնությունը, և 168 հազ․ հայ։

Վրաստանի Հանրային հեռարձակողի (ՎՀՀ) գլխավոր տնօրեն Գիորգի Բարատաշվիլիի գնահատմամբ՝ նախագիծը շատ հավակնոտ է։ Բարատաշվիլին համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը մեծապես շահեկան կլինի ազգային փոքրամասնությունների համար։

ՎՀՀ-ն ներկայում հետազոտում է աբխազերեն և ռուսերեն լրատվության ապահովման հնարարովությունն ու հեռանկարը։