ՌԴ նախագահի օգնականի խոսքերը հակասում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ոգուն․ Բաքու

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ զարմանք և ափսոսանք է հարուցում․ APA գործակալության փոխանցմամբ՝ այսպես է մեկնաբանել ռուսաստանցի պաշտոնյայի երեկվա հայտարարությունը Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

Վերջինիս պնդմամբ՝ Ուշակովի խոսքերը հակասում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների հանդիպումների ոգուն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պարբերական հայտարարություններին՝ «ստատուս քվոյի անընդունելիության և անկայունության մասին»։

«Այդ հայտարարությունը չի համապատասխանում նաև հակամարտության շուրջ մանրակրկիտ քննարկումներին, որոնք անցկացվել են տարածաշրջան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ շեշտելով, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ոգուն համահունչ՝ հանդիսանում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորման շուրջ բովանդակալից բանակցությունների կողմնակից։

Երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԼՂ կարգավորման տարբերակներ և առաջարկներ են քննարկվում, «լավատեսության հիմքեր չեն նկատվում»։

«Չէի ասի, որ մոտ ապագայում այդ հակամարտության լուծման հարցում մեծ լավատեսություն ունենք։ Սակայն, բնականաբար, կշարունակենք վճռական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ»,- «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել էր Ուշակովը։

***

Մայիսի 16-ին Վիեննայում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել էին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը։

Մեկնաբանել