Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը․ Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան Նալբանդյանը արտգործնախարարությունում Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին․

«Ես նախկինում էլ եմ ասել, բայց, ծանոթանալով Բաքվից հնչող վերջին հայտարություններին, ստիպված եմ կրկնել` Ադրբեջանում կորցրել են իրականության զգացումը: Այն աստիճան են կորցրել, որ իրենք իրենց ներքին օգտագործման համար հնարած միֆերը փորձում են հրամցնել արդեն ոչ միայն սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք պատրաստ են Լեռնային Ղարաբաղին շնորհել ինքնավար հանրապետության կարգավիճակ։

Ակնարկելով այդ հարցազրույցը՝ Նալբանդյանը սփյուռքյան լրագրողների հետ հանդիպմանը նշել է․

«Բաքուն պնդում է, թե պատրաստ է փոխզիջումների: Որո՞նք են, ըստ ադրբեջանական կողմի, իրենց զիջումները՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովո՞ւմը, ինչպես իրենք են առաջարկում, երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցությո՞ւնը: Սա արդեն նման է ոչ թե զիջման, այլ սպառնալիքի. եթե չանեք մեր ասածը, ապա խաղաղություն չի լինի: Ինքնավարության տրամադրո՞ւմը․ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որևէ վերահսկողություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, առավելևս՝ այսօր։ Իսկ հիմա իր վերահսկողության տակ ինքնավարությո՞ւն է առաջարկում, և դա մատուցում է որպես զիջո՞ւմ։ Այսինքն՝ որպես զիջում առաջարկում է մի բան, որից շատ ավելին Արցախն ունի այսօր»։

Նալբանդյանը նաև ասել է, թե Ադրբեջանի ղեկավարությունը իր վերջին հայտարարություններում պնդում է, որ եռանախագահների առաջարկությունները համահունչ են իրենց մոտեցումների հետ: «Բայց այս հայտարարություններից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նա ընդդիմանում է: Եթե դիրքորշումներն այդքան համահունչ են, ապա պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե ընդդիմանալ»:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը խճճվել է իր մոտեցումների մեջ և նրան օգնություն է հարկավոր այդ վիճակից դուրս գալու համար: Հիմնահարցի հանգուցալուծման համար Ադրբեջանը պետք է ընդունի այն միջազգային միջնորդական օգնությունը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան: Համանախագահ երկրների ղեկավարները իրենց մոտեցումներն արտահայտել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արված հայտնի հինգ հայտարարություններում։ Եթե դրանք համահունչ են Ադրբեջանի դիրքորշմանը, ապա ինչո՞ւ է Բաքուն մինչ այսօր ամեն կերպ խուսափում ոչ միայն իբրև բանակցությունների հիմք ընդունել դրանցում որպես մեկ ամբողջություն ամրագրված սկզբունքներն ու տարրերը, այլև խորշում դրանց որևէ հղում կատարել, ինչպես դա պատահեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում, որից ադրբեջանական պատվիրակությունը ուղղակի փախուստի դիմեց»։

Մեկնաբանել