Վրաստանի խորհրդարան է մտցվել կանանց պարտադիր զինվորական ծառայության մասին օրինագիծ

Վրաստանի խորհրդարան է մտցվել օրինագիծ, որը նախատեսում է կանանց պարտադիր զինվորական ծառայություն, հաղորդում է kavkaz-uzel.eu կայքը։ Օրինագիծը ներկայացրել է Իրինա Բարբաքաձեն։

Նա առաջարկում է փոփոխություն մտցնել «Պարտադիր զինվորական ծառայության մասին» օրենքում։ Հիմնվելով «Գենդերային իրավահավասարության մասին» օրենքի հիմնական դրույթների վրա՝ Բարբաքաձեն կարծում է, որ Վրաստանում պետք է ձևավորվի այնպիսի հասկացություն, ինչպիսին «զինծառայողուհին» է (վրացերեն՝ ջարիսքալի), ինչպես նաև զինվորական ծառայությունը պարտադիր լինի նաև կանանց համար։

Վրաստանի խորհրդարանն արդեն գրանցել է օրենսդրական նախաձեռնությունը։ Դրա նպատակը, ինչպես նշվում է, վրացական բանակի ուժեղացումն է, պաշտպանունակության ամրապնդումը, տարածքների վերադարձը և երկրի միավորումը։ Ըստ ներկայում Վրաստանում գործող օրենսդրության՝ կանանց ծառայությունը կամավոր է։

Վրաստանում զինապարտ են 18-27 տարեկան քաղաքացիները։ 2016թ․ ապրիլին Վրաստանի ՊՆ նախարար Թինա Խիդաշելին հայտարարել էր, որ 2017-ից երկրում վերացվելու է պարտադիր զինվորական ծառայությունը, և անցում է կատարվելու պայմանագրային ծառայության, սակայն 2016թ․ նոյեմբերին ՊՆ արդեն նոր նախարար Լևան Իզորիան վերականգնել է պարտադիր ծառայությունը։

Մեկնաբանել