Մամեդյարովը հայտարարել է առաջիկայում ՌԴ մասնակցությամբ նախարարական եռակողմ հանդիպման մասին

Ռուսաստանի նախաձեռնությամբ առաջիկայում ծրագրվում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում․ այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

«Որպեսզի այդ հանդիպումը արդյունքներ ունենա, անհրաժեշտ է սպասել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Դա կարևոր է հարցի քաղաքականացում թույլ չտալու համար»,- ասել է Մամեդյարովը։

Մեկնաբանելով փետրվարի վերջին շփման գծում ստեղծված լարվածությունը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ այն վկայում է բանակցային գործընթացում «առաջընթացի հասնելու անհրաժեշտության» մասին։

«Անհրաժեշտ է վարել բովանդակային բանակցություններ։ Ռուսաստանյան կողմը դա գիտակցում է։ Պաշտոնական Մոսկվան ցանկանում է բանակցությունների անցկացում, սակայն խոսքն այստեղ գնում է Երևանի քաղաքական կամքի մասին»,- ասել է Մամեդյարովը։

Մարտի 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հեռու են նրանից, որ պայմանավորվածության հասնեն ղարաբաղյան կարգավորման մի շարք առանցքային ասպեկտների շուրջ։ Նրա խոսքով՝ «կան երկու-երեք առանցքային թեմաներ, որոնց շուրջ Հայաստանին և Ադրբեջանին չի հաջողվում համաձայնության գալ»։

Մեկնաբանել