Թուրքմենատոր․ Բերդիմուհամեդովին գովազդող տեսանյութը դարձել է լրատվամիջոցների ու սոցցանցերի հիթ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կրակում և խփում է ուղիղ նշանակետին, դանակ է նետում և խոցում ճիշտ թիրախը, մեքենան վարում է ինչպես Շումախերը․ սա «Ռեմբո» ֆիլմը չէ, սա Թուրքմենստանի հեռուստատեսություններով երկրի նախագահի մատուցվող կատարելատիպն է։ Բերդիմուհամեդովի մասնակցությամբ վերջին տեսանյութը, որտեղ նա հանդես է գալիս որպես իսկական «Ռեմբո», հայտնվել է աշխարհի լրատվամիջոցների ու սոցցանցերի ուշադրության կենտրոնում։ Թեմային անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։

Նա դի-ջեյ է, հեղինակում և կատարում է բալլադներ, հրաշալի բասկետբոլ է խաղում. համենայնդեպս, նրան այսպես է ներկայացնում պետական պրոպագանդան: Այժմ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի տաղանդավոր հմտությունների ցուցակին կարող եք ավելացնել դանակի նետումն ու նշանառության հրաձգությունը:

Պետության կողմից վերահսկվող հեռուստատեսությունը հրապարակել է մի տեսագրություն, որտեղ Կենտրոնական Ասիայի պետության ավտոկրատ առաջնորդը ցուցադրում է դանակի ու զենքի գործածման իր հմտությունները մի խումբ զինվորական տղամարդկանց առաջ, որոնք շարված հիանում են նախագահի կենդանի հերոսի տաղանդով և ոգևորված ծափահարում:

Սակայն ընդդադիր ինտերնետային chrono-tm.org կայքը հրապարակել է տեսանյութի գեղարվեստական տարբերակը. տեսանյութին ավելացվել են 1985թ. Առնոլդ Շվարցենեգերի «Կոմանդո» ֆիլմից կադրեր և դրամատիկ երաժշտություն՝ ծաղրելու Բերդիմուհամեդովի «ուժեղ տղայի» կերպարը։

Հոլովակում Բերդիմուհամեդովը կրակում է հրացանից. մոնտաժը նման է նախորդ հոլովակին, որտեղ նա բասկետբոլ է խաղում, և ակնհայտորեն ծուռ նետված գնդակը կտրուկ կերպով հաջորդ կադրում ընկնում է ցանցը։

Տեսանյութից պարզ չէ, թե արդյոք նրա փամփուշտը դիպչում է նշանակետին, թե ոչ։ Սակայն հաջորդ կադրում նա ստուգում է կրակածի արդյունքները՝ դրամատիկ կերպով մատով ցույց տալով նշանակետի վրա փամփուշտի հետքերը։ Այնուհետև կադրում հայտնվում են բուռն ծափաարող հանդիսատեսները։

Այնուհետև, նա կրակում է ատրճանակով՝ նույն հաջողությամբ։ Հաջորդիվ, նա վարպետորեն նետում է դանակը և երեք անգամ խփում նշանակետին։

Նախկին խորհրդային հանրապետության բլուրներում մարտական զորավարժությունների որոշ կադրերից հետո տեսանյութը ցույց է տալիս Բերդիմուհամեդովին` ստորագրելիս թղթյա թիրախը, որն օգտագործվել էր կրակելիս։

Նախկին ատամնաբույժը գազային հարուստ այս երկիրը կառավարում է 2006-ից՝ իր անողոք և էքսցենտրիկ նախորդ Սապարմուրատ Նիյազովի մահվանից հետո, որը իրեն անվանում էր Թուրքմենբաշի կամ բոլոր թուրքմենների հայր:

Վերլուծաբանները նշում են, որ իշխանությունները նպաստել են 60-ամյա Բերդիմուհամեդովի շուրջ աճող անհատի պաշտամունքին, որն իրեն անվանում է «Արկադաղ», թարգմանապար՝ Պաշտպան: Նա նաև վերացնում է իր նախորդի թողած ժառանգության մասունքները, այդ թվում `բազմաթիվ արձաններ:

2015 թ. Աշխաբադում կանգնեցվեց Բերդիմուհամեդովի 21 մետրանոց մարմարե և ոսկեջրած արձանը։ Պետական հեռուստատեսությունը նրան հաճախ ցուցադրում է որպես տաղանդավոր մարզիկ, նկարիչ կամ երգիչ։

Նա հաղթող ճանաչվեց նաև 2017թ. սեպտեմբերին Թուրքմենստանում անցկացվելիք Ասիական ռազմարվեստի խաղերի պաշտոնական օրհներգի համար անցկացվող համազգային մրցույթում։

Իրավապաշտպան խմբերն ու ակտիվիստները Բերդիմուհամեդովին և նրա կառավարությանը մեղադրում են բազմակարծության բացառման և ազատ խոսքի վրա դրված սահմանափակումների համար:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել