Չինաստանը Երևանում դեսպանության նոր շենք է կառուցում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի արտգործնախարարի օգնական Լի Հաուիլային։ Հանդիպումից հետո Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի է ունեցել  Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությունը:

Օգոստոսի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Լի Հաուիլայի գլխավորած պատվիրակությանը, որ Երևանում է գտնվում երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

Նախարար Նալբանդյանը  նշել է, որ Հայաստանում Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում են որպես արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լի Հաուիլայն ասել է, որ  իր երկիրը ցանկանում է էլ ավելի խորացնել Հայաստանի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը և ամրապնդել բարեկամական կապերը։ «Հայաստանի և Չինաստանի աննախադեպ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները և բարեկամությունը հիմնված են անկեղծության և փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է Լի Հաուիլայը։

Էդվարդ Նալբանդյանն ու Լի Հաուիլայը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող բազմաթիվ հարցեր, կարևորել քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցությունը, միմյանց համար կարևոր հարցերում փոխադարձ շարունակական աջակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը։ Անդրադարձ է արվել հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Լի Հաուիլայը կարևորել է մայիսին Պեկինում տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այդ ծրագիրը լայն հնարավորություն է ընձեռում երկկողմ տնտեսական փոխգործակցության խթանման համար: Էդվարդ Նալբանդյանը շեշտել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ ակտիվորեն մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, կարևորվել է Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտական կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով հիմնախնդրի կարգավորման հարցում բարեկամ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Իր հերթին, Լի Հաուիլայն ընդգծել է, որ Չինաստանը սատարում է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լի Հաուիլայը ներկա են գտնվել Երևանում Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը Երևանում: