Հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում, կրակոցներ և պայթյուններ

Թբիլիսիի թաղամասերից մեկում զինված անձինք պատսպարվել են շենքում, հրաժարվում են հանձնվել իրավապահներին։

Ռուսթավի 2 հետուստաալիքը հաղորդում է, որ գործողության տարածքում լսվում են կրակոցներ և պայթյունների ձայներ։ Հատուկ ծառայությունները հաղորդել են, որ մեկ հոգու են ձերբակալել ահաբեկչության կասկածանքով։ Անվտանգության ծառայության մեկ աշխատակից ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում։

Վրաստանի Անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը հատուկ գործողություն է սկսել կասկածյալ ահաբեկիչների դեմ, որոնք Թբիլիսիի Իսանի թաղամասում գտնվող փողոցի բնակելի շենքում են պատսպարվել:

Իրավապահները չեն կարողացել համաձայնության գալ կասկածյալ ահաբեկիչների հետ, և որոշում է կայացվել ուժ գործադրել նրանց նկատմամբ։ Հատուկ ուժերը ներս մտնելու փորձ են կատարել, բայց կասկածյալները շարունակում են դիմադրել։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կասկածյալները պատուհանից դուրս նռնակներ են նետում։ Շինությունը շրջապատված է ուժայինների կողմից, դեպքի վայրում իրավիճակը լարված է: Ենթադրյալ ահաբեկիչների ինքնությունը դեռ անհայտ է, սակայն հաղորդվում է, որ նրանք Վրաստանի քաղաքացիներ չեն։

Մեկնաբանել