Ես Ալիևի և Իվանիշվիլիի բիզնես շահերի զոհն եմ․ Մուխթարլի

Անցյալ տարի Թբիլիսիից առևանգված և բռնի կերպով Բաքու տեղափոխված ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին պնդում է, որ իր առևանգումը տեղի է ունեցել Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անմիջական մասնակցությամբ և գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի համաձայնությամբ։ Լրագրողի համոզմամբ՝ ինքը Իվանիշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բիզնես շահերի զոհ է դարձել։

Մուխթարլին, որը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, երկու օրով բաց էր թողնվել բանտից՝ մասնակցելու իր քրոջ և զարմիկների հիշատակին մատուցված սգո պատարագին։ Դեկտեմբերի վերջին նրանք հայտնաբերվել էին մահացած՝ իրենց բնակարանում։

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մուխթարլին ասել է, որ առևանգման պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բիձինա Իվանիշվիլիի համատեղ բիզնեսի իր հետաքննությունն էր։

«Երբ Վրաստանում էի, հետաքննում էի Ալիևի բիզնեսները։ Նա մեծ բաժնեմասեր ունի Վրաստանի զբոսաշրջության ոլորտում․ մի քանի հյուրանոց և տարածքներ։ Նրան է պատկանում Վրաստանի «Մետաքսե ճանապարհ» ավիաընկերությունը և «Մետաքսե ճանապարհ» կազմակերպությունը։ Վրաստանում նրա գլխավոր գործընկերը Բիձինա Իվանիշվիլին է։ Ես պարզապես նրանց բիզնես շահերի զոհն եմ։ Ես խնդիրների առերեսվեցի այն պահին, երբ սկսեցի զբաղվել այս հարցով»,- պատմել է հետաքննող լրագրողը։

«Դատական համակարգը Վրաստանում թափանցիկ է։ Այդ պատճառով օրենքով Վրաստանը չէր կարող ինձ հանձնել Ադրբեջանին, հետևաբար նրանք ստիպված էին առևանգել ինձ։ Առանց վարչապետի թույլտվության նրանք չէին կարողանա ինձ անցկացնել սահմանի վրայով»,- շարունակել է Մուխթարլին։

Լրագրողը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

«Կվիրիկաշվիլին պետք է պատասխանատվության ենթարկվի իր արածի համար»,- պնդել է նա։

Վրաստանի իշխող կուսակցության անդամները չեն անտեսել լրագրողի պնդումները։

«Նման խոսքերից հետո ես բացարձակ անտարբեր եմ Աֆղան Մուխթարլիի ճակատագրի հանդեպ։ Նա անազնիվ է վարվում իմ երկրի և իշխանությունների նկատմամբ»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զվիյադ Կվաչանտիրաձեն։

Վրաստանի խորհրդարանի՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան լրագրողի խոսքերը որակել է «աբսուրդային»։ Խուլորդավան անգամ կասկածներ ունի, որ լրագրողի այս պնդումների հետևում կարող են կանգնած լինել «Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վատթարացմամբ շահագրգռված անհատներ»։

  • Աֆղան Մուխթարլին Թբիլիսի էր տեղափոխվել 2014թ․, զբաղվել հետաքննական լրագրությամբ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել