Աննա Հակոբյանը Փարիզում այցելել է ՀՅԴ կենտրոն

Աննա Հակոբյանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, Փարիզում այցելել է ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտե։ Կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Աննա Հակոբյանը Ֆրանսիայում է եռօրյա այցով։

«Փարիզ եռօրեայ իր այցելութեան ծիրէն ներս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կինը` Տիկին Աննա Յակոբեան, ընկերակցութեամբ Ֆրանսայի մէջ Հայաստանի դեսպան Տիկին Յասմիկ Տոլմաճեանի, 10 օգոստոսի յետմիջօրէին այցելեց Փարիզի Հայ Մշակոյթի Տուն եւ ջերմօրէն ընդունուեցաւ ՀՅԴ մեծ ընտանիքին կողմէ:

Ողջունելով շուրջ հարիւր ներկաները, Մուրատ Ասլանեան ՀՅԴ Արեւմտեան Կեդրոնական Կոմիտէի անունով բարի գալուստ մաղթեց Տիկին Յակոբեանին, ապա խօսք տուաւ իւրաքանչիւր միութեանց ներկայացուցիչներուն, որ փոխանցեն իրենց պատգամը:

Յաջորդաբար խօսք առին ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ ՀԿՀԽ-ի համանախագահ Մուրատ Փափազեան, Հրաչ Վարժապետեան (ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի ԿԿ-ի անունով ), Հուրիկ Պաղտասարեան ( Համազգային ), Սեւան Մարտիրոսեան ( Կապոյտ Խաչ ), Լեւոն Պաղտասարեան ( ՀՄԸՄ ), Ժիրայր Կարապետեան ( Ֆրանս- Ջաւախք ), Յարութ Մարտիրոսեան ( Հայ Դատ ), Սագօ Հալաճեան ( ՀՅԴ Նոր Սերունդ ):

Մուրատ Փափազեանի եւ Հրաչ Վարժապետեանի խօսքերուն ամբողջութիւնը կարելի է տեսնել ՀՅԴ Ֆրանսայի դիմատետրի էջին վրայ:

Ներկայ էին նաեւ ՀՅԴ քարոզչամեքենայի` ԱՅԲ ԷՖ. ԷՄ-ի եւ Ֆրանս-Արմենիի ներկայացուցիչները:

Աւարտին խօսք առին Տիկին Յակոբեան եւ Դեսպանը:

Տիկին Յակոբեան շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար, ընդգծեց, որ այս հանդիպումը շահեկան է եւ բաւականացած կը վերադառնայ Երեւան: Ան վեր առաւ ֆրանսահայ համայնքի որոշիչ դերը եւ յաւելեալ կորով ու նոր յաջողութիւններ մաղթեց գաղութին, հաստատելով, որ սոյն ներուժին կարիքը ունի Հայաստանը ու վստահ է, որ այս աշխուժ համայնքը իր բոլոր կարողութիւնները կը տրամադրէ նոր էջ բացած հայաստանին:

Վարչապետ Փաշինեանի Տիկինը ըսաւ՝ «Շատ ուրախ եմ այս շէնքում գտնուելու համար և ձեր գրասենեակում լինելու համար … Յեղափոխութեան պտուղները զարգացնելը կարևոր գործ է որ պէտք է միասին անենք. Այն գործը որ դուք մինչև հիմա արել եք Հայաստանի պետութեան և Արցախի համար անգնահատելի է. Այսօր մենք ունինք նոր հանգրուան որ պահանջում է նոր աշխատանք և նոր մօտեցում. Ես չեմ կասկածում որ դուք նաև այդ նոր աշխատանքում կը գտնէք այն անելիքը որ անփոխարինելի է, այն որ միայն դուք կարող էք անել»:

Դեսպանը ողջունեց Դաշնակցութեան ընտանիքին անգնահատելի դերը եւ մաղթեց, որ միեւնոյն թափով շարունակուի յատկապէս պետականաշինութեան գործը, որովհետեւ «իրօք դեռ հաւաքական իղձեր ու երազանքներ կան իրականացուելիք»»:

Մեկնաբանել